Պաշտոնական Անկարան արձագանքել է Ցեղասպանության մասին Ֆրանցիսկոս պապի երևանյան հայտարարությանը
Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին շաբաթ հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Հայաստանում Ֆրանցիսկոս պապի ելույթին և Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց կոտորածները Ցեղասպանություն անվանելուն:
Ինչպես տեղեկացնում է Dailystar.com-ը` թուրք փոխվարչապետը Hurriyet թերթին տված մեկնաբանությունում Հռոմի սրբազան քահանայապետի հայտարարությունը «ցավալի է» անվանել` հավելելով, որ արտացոլում է պապի «Խաչակիր մտածելակերպը»։
«Հռոմի պապի հայտարարությունը շատ ցավալի է: Ցավոք պապի և պապականության բոլոր գործողություններում կարելի է տեսնել Խաչակիր մտածելակերպի արտացոլումն ու հետքերը», - ասել է Ջանիքլին:
Հիշեցնենք, որ Հայաստանում պապի ելույթին և «ցեղասպանություն» եզրույթի արտասանմանն արձագանքել էր միջազգային մամուլի ստվար հատվածը` ընդգծելով, որ Ֆրանցիսկոս պապը վերահաստատել է մեկ տարի առաջ արած իր հայտարարությունը` Թուրքիայի իրագործած կոտորածը ցեղասպանություն որակելով և վտանգելով կրկին հարաբերությունները վատթարացնել Անկարայի հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում իր ելույթի ժամանակ Ֆրանցիսկոս պապը, շեղվելով նախապես պատրաստած խոսքից, հնչեցրել է «ցեղասպանություն» բառը, ինչը օվացիաներով է ընդունվել ներկաների կողմից:









