«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կալանավորվեց
Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանը 2 ամիս ժամկետով կալանավորեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանին (Միայնակ Գայլին): Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նշենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով:
Հիշեցնենք, որ ոստիկանության պարեկապահակային գունդը հուլիսի 17-ից գրաված «Սասնա ծռեր» զինված խումբը հուլիսի 31-ին՝ ժամը 20։00-21։00-ի սահմաններում, վայր է դրել զենքը և հանձնվել իրավապահներին։










