Ուսանողներին վարձի սահմանված զեղչ չեն տրամադրում, քանի որ զինգրքույկում նշված չէ, որ նրանք մասնակցել են քառօրյա պատերազմին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի 50 տոկոս և ավելի չափով զեղչից: Մինչդեռ քառօրյա պատերազմին մասնակից զինվորներից շատերի զինվորական գրքույկում նշված չէ, որ մասնակցել է ապրիլյան քառօրյա մարտերին և ուստի նրանք չեն կարողանում օգտվել սահմանված զեղչից:
Քառօրյա պատերազմին մասնակից զորացրված զինվորներից մեկի մայրը՝ Լիլիթ Սարիբեկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տղան քառօրյա պատերազմին եղել է Թալիշի սահմանային դիրքերում, մասնակցել մարտերին, մինչդեռ նրա զինգրքույկում միայն նշվել է, որ իրականացրել է մարտական հերթապահություն:
Զորացրվելուց հետո որդին շարունակում է ուսումը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում և երբ զեղչի համար ներկայացրել է պահանջվող զինգրքույկը, ասել են, որ 50 տոկոս և ավելի զեղչ չեն կարող կիրառել, փոխարենը 30 տոկոս զեղչ կսահմանեն, քանի որ նշված է, որ նա միայն մարտական հերթապահություն է կատարել: Մայրն ասաց, որ այդչափ զեղչ մինչ այս էլ բոլոր զորացրված զինվորներին տրվում է, ովքեր «պոստ են պահել», ինչպես իր ավագ որդու դեպքում է:
Լիլիթ Սարիբեկյանը նշեց, որ երբ ծնողներից մեկի երեխային նույն պատասխանն են տվել, նա գրավոր հարցում է ուղարկել ԼՂՀ Պաշտպանության նախարարությանը, թե ինչու չի նշվել, որ տղան մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, որտեղից էլ պատասխանել են, որ նշված մարտական հերթապահությունը հենց դրան էլ վերաբերում է:
Կրթության և գիտության նախարարությունից Tert.am-ին ասացին, որ բուհը վարվել է պահանջին համապատասխան և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կարող է միայն 50 տոկոսից ավել զեղչ սահմանել: ԿԳՆ-ից առաջարկեցին, որպեսզի զինվորը դիմում գրի Կրթության և գիտության նախարարությանը, թեև հուշեցին, որ ավելի ճիշտ է նման պարզաբանում խնդրի ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի բաժնից Tert.am-ից գրավոր հարցում պահանջեցին, որի պատասխանը լինելուն պես, կհրապարկենք:
Նշենք, որ հարցման պատասխանից առաջ նյութի հրապարկման պատճառն այն է, որ սահմանված զեղչի համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել մինչև սեպտեմբերի 15-ը:










