Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից 15 հոգուց ավելին դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ երկու ներկայացուցիչ մեկնում է դեպքի վայր

11:54 • 14.10.16

Կառավարությունից տարբեր գերատեսչությունների հանձնարարվել է խումբ ձևավորվել՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի վայր մեկնելու համար:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Առողջապահության նախարարությունից Հիվանդանոցային բժշկության օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և Արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանն այդ խմբի հետ միասին մեկնում են դեպքի վայր:

«Մենք կապի մեջ ենք Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարության հետ,  և հիվանդանոցից արդեն դուրսգրումներ են լինում. 15 հոգուց ավելին դուրս է գրվել»,-հայտնեց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ  կազմակերպվել  է առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների վերադարձը Հայաստան։  Ինչպես Tert.am-ին հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հայտնի է, որ Մոսկվա - Երևան վթարի ենթարկված Mecedes մակնիշի, 50 AA 515 պետհամարանիշով ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է։

ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում, ինչպես  նաև Մոսկվա-Երևան ճանապարհին ՃՏՊ-ից տուժածների ցուցակը։ 

Նշենք նաև, որ ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ տեղում անհրաժեշտ աշխատանքների համակարգման նպատակով: Ներկայումս քննվում են ավտոճանապարհային պատահարի պատճառները: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և դեսպանությանը կից ՀՀ իրավապահ մարմինների լիազոր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության համապատասխան մարմինների հետ՝ անհրաժեշտ աշխատանքների համակարգման և ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ: