Եգիպտոսում 12-ամյա տղայի և նրա 11-ամյա զարմուհու նշանադրությունը բողոքի ալիք է բարձրացրել

20:44 • 23.10.16

Եգիպտոսում տեղի է ունեցել 12-ամյա տղայի և նրա 11-ամյա զարմուհու նշանադրությունը: Daily Mail-ի հաղորդմամբ` նրանց նշանադրությունն օրհնել է տղայի հայրը` Նասեր Հասանը:

Վերջինս նշանադրության մասին հայտարարել է իր ավագ որդու հարսանյաց արարողության ժամանակ` որոշելով «կրկնապատկել ուրախությունը»:

Եգիպտական օրենքն արգելում է ամուսնությունները 18-ից ցածր անձանց միջև, և Հասանի`երեխաներին ամուսնացնելու որոշումը կատաղության ալիք է բարձրացրել ակտիվիստների շրջանում:

Տեղի մամուլին տված հարցազրույցում եգիպտացի հայրը նշել է, որ «ոչ մի անթույլատրելի բան չկա զույգի հետ կապված»: Ինչպես նա է ընդգծել, խոսքը միայն նշանադրության մասին է և ոչ թե ամուսնության: