Տպարանի պայթեցումը և՛ բարբարոսություն է, և՛ հիմարություն. ճարտարապետի խոսքով՝ Կառավարությունն ուսումնասիրում է շենքի քանդման հարցը

14:37 • 28.10.16

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը Երևանում գաղտնիության պայմաններում պայթեցման միջոցով մայրաքաղաքի առաջին տպարանի շենքի քանդման հարցով նամակով դիմել էր վարչապետի խորհրդականներին՝ պահանջելով փրկել շենքի մնացած հատվածը։

Tert.am-ի հետ զրուցում ճարտարապետն ասաց, որ նամակի պատասխանն արդեն կառավարությունից ստացել, նշվել է, որ հարցն ուսումնասիրվում է։

«Փաստորեն արդեն իսկ վարչապետի ուշադրության կենտրոնում է։ Ուրախ եմ, որ արագ արձագանքեցին, մնում է հետագայում կոնկրետ քայլեր տեսնենք»,-մանրամասնեց Արսեն Կարապետյանը։

Նրա դիտարկմամբ ՝ 1920-ականների շենքի պայթեցումից հետո ավելի ակնհայտ դարձավ, որ երևանցիները քաղաքային իշխանություն չունեն։

«Պայթեցումը և՛ բարբարոսություն է, և՛ հիմարություն, փաստորեն գործողությունը ԱԻՆ-ն է գաղտնի կատարել առանց բնակիչներին զգուշացնելու, ինչը նշանակում է, որ մարդիկ պիտի ազատվեն աշխատանքից, պիտի խնդրին խիստ արձագանքել»,-ասաց նա։

Ճարտարապետի խոսքով՝ շենքը կարելի էր օգտագործել, վերանորոգել, ադապտացնել և այլն, բայց ոչ երբեք՝պայթեցնել կամ քանդել։

«Շենքի պայթեցումն արդարացված կլիներ միայն այն պարագայում, եթե օրինակ քանդման շեմին լիներ, կամ Չինաստանի նման այնքան արագ զարգացող երկիր լինեինք, որ ստիպված տարածքներ ազատեինք ապագա բիզնեսների համար՝ զոհաբերելով հինը։ Այլապես քանդելը աբսուրդ է, վանդալիզմ, անհարգանք մեր պատմության, հիշողության նկատմամբ»,-հավելեց նա։

Ճարտարապետի խոսքով՝ կան նաև էկոլոգիական խնդիրներ. «Էդ փոշին մեր թոքերն է գնում, ինչի՞ պիտի շնչեք, իշխանությունները պետք է հաշվարկեին բոլոր ռիսկերը, բայց չեն արել»։

Արսեն Կարապետյանը կարծում է, որ հասարակությունը պիտի այս հարցում համախմբվի և ստիպի, որ պայթեցմանը իրավական գնահատական տրվի և կասեցվի շենքի մնացած հատվածի քանդման գործընթացը։