Մահացած 32-ամյա ծննդկանի երեխային նրա ուզած անունով են կոչել՝ Լևոն

16:56 • 29.10.16

Վանաձորի ծննդատան բժիշկներին հանցավոր անփութության ու անտարբերության մեջ մեղադրելով՝ հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացած 32-ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները բողոք են ներկայացրել նրանց դեմ:

Ընդ որում՝ բարեկամներն ասում են, որ ծնունդն ընդունած Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը տևական ժամանակ է, չի գնում աշխատանքի:

«Անգամ տեղեկություն ունենք, որ նա բացակայում է Հայաստանից: Մենք իր դեմ էլ ենք վրդովված, քանի որ Հռիփսիմեն 21 օր իր հսկողության տակ է եղել: Հիմա ինքը չգիտենք ուր ա, գործի չի գալիս, ասում են սթրեսի մեջ ա, տեղեկություններ ունենք, որ Հայաստանում էլ չի: Մարդ եթե վախենալու բան չի ունենում, ինչի՞ ա փախնում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց մահացած Հռիփսիմեի բարեկամուհի Ռիտա Մնացականյանը։

«Անտարբերության ու անփութության պատճառով է մահացել մեր աղջիկը, արտաքին արնահոսությունից: Եթե նրա մոտ մարդ լիներ, չէր զանգի տուն, ասեր մոտս մարդ չկա, մեռնում եմ հասեք: Նշանակում է կողքը մարդ չի եղել»:

Մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշվել է, որ Հռիփսիմեն մահացել է հետծննդաբերական պատռվածքից առաջացած սուր արյունահոսության պատճառով:

Հռիփսիմեի ծննդաբերած տղան՝ Լևոնը, բարեկամուհու խոսքով, շատ լավ վիճակում է: «Նորածինը տանն է շատ լավն ա, արհեստական կերով են կերակրում, անունը Լևոն են դրել, մահացած մոր ուզած անունն է»,- ասաց Ռիտա Մնացականյանը: