Ալժիրցի բժիշկները 73-ամյա կնոջ որովայնում հայտնաբերել են 35 տարվա քարացած պտուղ

14:59 • 30.10.16

Ալժիրի արևելյան Սկիկդա քաղաքի հիվանդանոցներից մեկի բուժական թիմն ի դեմս 73-ամյա մի կնոջ առնչվել է հազվագյուտ դեպքի:

Ինչպես հայտնում է Al Arabia-ն,  մասնագետները տարեց կնոջ որովայնում հայտնաբերել են քարացած պտուղ, որը կինը կրել է 35 տարի:

Նշվում է, որ կինը վարել է միանգամայն նորմալ կյանք, սակայն վերջերս նա ուժեղ փորացավով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մասնագետներն արել են անակնկալ բացահայտումը:


Հատուկ բուժզննման արդյունքում բժիշկները ֆիքսել են կնոջ որովայնում, սակայն նրա արգանդից դուրս գտնվող օտար մարմնի առկայությունը: Մասնագետները նշել են, որ պտուղը, որին կինը կրել է 35 տարի շարունակ, կշռում է 2 կգ և եղել է զարգացման 7-րդ ամսում: Այս ամենը հիմք է տվել բժիշկներին ենթադրել, որ կինը հղիացել է 1981թ., սակայն չի իմացել այդ մասին:


Աղբյուրը մանրամասնում է, որ բժշկության համաշխարհային պատմության մեջ արձանագրվել է  մոտ 300 դեպք, երբ կանանց որովայնում հայտանաբերվել է տարիներ շարունակ այնտեղ մնացած և քարացած պտուղ:


Հայտնի է, որ նմանօրինակ առաջին դեպքը գրացվել է հեռավոր 1582թ., երբ մի ֆրանսուհի 68 տարեկանում մահանալուց հետո դիահերձվել է ու բժիշկներին «անակնկալ» մատուցել: