Ամերիկուհին խաղային ավտոմատի տեխնիկական անսարքության «հետևանքով» 43 մլն դոլար է շահել

14:11 • 02.11.16

Նյու Յորքի Քուինս թաղամասի բնակչուհի Կատրինա Բուքմանը խաղատներից մեկի խաղային ապարատով 43 մլն դոլար ջեքփոթ է շահել: Սակայն նորաթուխ միլիոնատիրուհու բերկրանքը շատ կարճ է տևել. խաղատան մենեջերները շտապել են հայտնել, որ  խոշոր շահումն ընդամենն ավտոմատի տեխնիկական անսարքության հետևանք է:


Ինչպես նշում է The New York Daily News-ը, խաղատան տնօրինությունը Բուքմանին որպես փոխհատուցում առաջարկել է ընդամենն իրենց հաշվին ընթրել:


«Ավտոմատը սարքին էր, երբ սկսեցի դրանով խաղալ: Այժմ, երբ ես միլիոններ եմ շահել, նրանք ասում են, որ տեխնիկական խնդիր է տեղի ունեցել: Դա անազնիվ է»,- բարկացած մեկնաբանել է 4 երեխայի մայրը, որը մի պահ տարվել էր երազանքներով, թե ինչպես է շուտով իր ընտանիքի կյանքն արմատապես փոխվելու դեպի լավը:


Կինը նաև հավելել է, որ պաստրաստվում է դատական հայց ներկայացնել խաղատան դեմ:


Աղբյուրը նշում է, որ միջադեպից հետո խաղատունը ներողություն է խնդրել Բուքմանից՝ խաղասրահից հեռացնելով ավտոմատը: