Իրականում, 6 ամիս հետո կայանալիք ընտրությունները իմ կառավարությանը չափազանց խանգարում են. Կարեն Կարապետյան

19:27 • 05.11.16

Կհայտարարեմ, եթե նման որոշում կայացնեմ. պատմական Արցախի Տիգրանակերտ բերդ-ամրոցում տված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ի պատասխան հարցի, թե հաստատում է այն տեղեկությունը, որ պատրաստվում է անդամակցել Հանրապետական կուսակցությանը:

«Եթե  նման որոշում կայացնեմ, նաև մոտիվացիան կհայտարարեմ»,- ասաց նա:

Հարցին, թե նրա քայլերը՝ գազի սակագնի նվազեցում և այլն, արդյոք նախընտրական չեն, և եթե արվելու էր, ինչու ավելի շուտ չէր արվում, վարչապետն ասաց, թե չի արվել, հիմա արվում է:

«Իսկ ի՞նչ մոտիվացիա են ասում՝ նախընտրական է, պոպուրիստական է... նախ՝ նախընտրական չէ, ես այսօր  ստանձնել եմ վարչապետի պարտականությունները և իմ առաջին  նպատակային ֆունկցիան տնտեսության մեջ ակտիվություն մտցնելն է, եթե որևիցե մեկն ուզում է մեկնաբանի, թե նախընտրական է, թող մեկնաբանի: Եթե նույնիսկ նախընտրական է, լա՞վ է, թե վա՞տ է»,- հարցրեց նա:

Ըստ նրա՝ բոլորն են տեսնում, որ տնտեսությունը պասիվ է։ Ուստի քայլ պետք է անել, որպեսզի տնտեսությունն աշխուժանա, արդար միջավայր ստեղծվի: «Հիմա եթե ընտրություն չլիներ, պատկերացնենք այս շանսը կա, անեի՞նք, թե՞ չանեինք»,- ասաց նա և խոստովանեց, թե իրականում վեց ամիս հետո կայանալիք ընտրությունները իր կառավարությանը չափազանց խանգարում են:

Վարչապետի խոսքով՝ նախընտրական ժամանակահատվածը ոչ մի երկրում ակտիվ չէ: «Սպասողական իրավիճակ է լինում՝ բիզնեսն է սպասում, հասարակությունն է սպասում: Ասել եմ, որ չափազանց կարևոր է հասարակության հետ հետադարձ կապ ունենանք, որ հասարակությունը մեզ հավատա, որովհետև մենք առանց աշխատող, գործարար, քաղաքացիական մտածողություն ունեցող մարդու երկրում բան չենք կարող փոխել»,- ասաց նա և նշեց, որ առաջիկա 6 ամիսը պասիվ է լինելու:  

«Այո՛, սպասում եմ պասիվ, ուզո՞ւմ եմ լինի ակտիվ, այո՛, չափազանց շատ եմ ուզում»,- ասաց նա: Tert.am-ի դիտարկմանը, թե դա նշանակում է, որ սա վեցամսյա կառավարություն չի լինի և ավելի հեռակա են ծրագրերը, պատասխանեց. «Օրինակ՝ եթե ես ասեմ, որ եկել եմ վեց ամսով դուք ինձ կհարգե՞ք»:

Հարցին, թե այդուհանդերձ, առաջիկա ընտրություններից հետո իրեն որ պաշտոնում է տեսնում, Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե ինքը մաքսիմալ անկեղծ է. «Համենայն դեպս,  երբևիցե սուտ չեմ ասում իմ պաշտոնի վերաբերյալ: Ես երազե՞լ եմ ՀՀ վարչապետ լինել, ո՛չ, ասել եմ, հիմա ցանկություն ունեմ օգտակար լինել, այո՛, անհագի՞ստ եմ մեր վաղվա օրվա համար, ինչպես ազգի մեծ մասը, այո՛, հիմա ժամանակը ցույց կտա, էֆեկտիվ կլինե՞նք, թե՞ չէ: Նախապես ասել, թե ինչ պաշտոնում եմ տեսնում, առնվազն  կոռեկտ չէ»։