Հիվանդանոցում մահացել է գլխին դանակի հարվածներ ստացած «Օլե» գիշերային ակումբի տնօրենը

18:05 • 08.11.16

Հոկտեմբերի 31-ին Աբովյան քաղաքում դանակահարված «Օլե» գիշերային ակումբի տնօրենն այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցը. «Այսօր առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում Մամիկոն Գրիգորյանը մահացել է»:

Նշենք, որ ութ ժամ տևած վիրահատությունից հետո բժիշկներին հաջողվել էր Մամիկոն Գրիգորյանի գլխից հանել դանակը:

Հիշեցնենք, որ դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը հատկանիշներով, ձեռնարկվել են անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։