Հայաստանը կարող է համարվել Եվրոպայի լավ պահպանված գաղտնարանը. The Telegraph

23:58 • 10.11.16
Հայաստանը կարող է համարվել Եվրոպայի լավ պահպանված գաղտնարանը. The Telegraph

Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականի ճանապարհորդություն բաժինը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի գրավչություններին:

«Օրվա կեսին լեռնային փոքրիկ գյուղում զգացվում է տասնյակ մանղալներից եկող խորովածի բույրը: Տղամարդիկ շրջում են հավի և գառան մսի շամփուրները ծխի վրա, մինչդեռ նրանց որդիներն` ազգային տարազներով, փորձում են բորբոքել կրակը»,- հոդվածի հեղինակ Ֆրենկ Գարդներն այս խոսքերով է նկարագրել իր առաջին տպավորությունը Հայաստան կատարած այցից հետո:

Նկարագրելով գետերի կարկաչյունն ու արևաշող բնության գրկում զբոսնող երիտասարդ զույգերին, ինչպես նաև գյուղական համայնքներում բացված լիառատ շուկաները` հեղինակն անդրադարձել է Արենիում հոկտեմբերին անցկացվող գինու փառատոնին: 

«Գիտեք, որ Երևանում վայրէջք կատարելուն պես ժամանում եք գինու երկիր, դրա մասին է հուշում օդանավակայանի բակում գտնվող 6 մետրանոց փչովի գինու շիշը: Հայաստանում նաև արտադրում են աշխարհում լավագույնը համարվող կոնյակը», - գրում է բրիտանացին:

Բրիտանացին ընդգծում է, որ մեծ Սփյուռքի մաս կազմող հայերը, ովքեր առաջին անգամ են այցելում իրենց հայրենիք, հաճելիորեն զարմանում են ժամանակակից, անվտանգ և քաղաքակիրթ Երևանով:

«Դուրս գալով մայրաքաղաքից` նայում ես հեռու հորիզոններին և նկատում ձյունապատ գագաթով փառահեղ Արարատ լեռը` 5165 մետր բարձրությամբ, որը գտնվում է Թուրքիայում` հենց սահմանին: «Այն մերն է եղել». ափսոսանքով ասում են հայերը», - նշում է հեղինակը:

Բրիտանացի լրագրողն այցելել է նաև Գեղարդավանք: «Խճաքարերով լի վերընթաց ճանապարհը բարձրանալով և անցնելով կամարակապ մուտքով` հայտնվում ես Համաշխարհային ժառանգության մաս կազմող վանական համալիրում, որն անվանվել է Քրիստոսին խոցած նիզակի անունով», - եզրափակում է հոդվածագիրը: