Մոսկվայի դատախազությունը կքննի հայտնի երգիչ Անդրեյ Դավիդյանի հանկարծամահության պատճառները

11:26 • 14.11.16

Ռուսական «Ձայնը-2» հեռուստանախագծի ամենավառ ու սիրված մասնակիցներից մեկի՝ Անդրեյ Դավիդյանի մահով հետաքրքրվում է դատախազությունը, ինչի մասին հայտնում է kp.ru-ն՝ վկայակոչելով հանգուցյալի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Դենիսովին:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 60-ամյա Դավիդյանն ուրբաթ տեղափոխվել էր Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ իշեմիկ կաթված ախտորոշմամբ: Դրանից հետո երաժիշտն ընկել է կոմայի մեջ, ինչին էլ հաջորդել է մահը:


«Ես հենց նոր խոսում էի Մոսկվայի դատախազության ներկայացուցիչների հետ, որոնք կպարզեն Անդրեյի հանկարծամահության պատճառները: Ենթադրաբար, դատախազության ներկայացուցիչները որոշ հարցեր պետք է պարզաբանեն բժիշկների հետ»,- ասել է նա:


Ըստ նրա՝ 3 շաբաթ առաջ Անդրեյի մոտ կույր աղիքի նոպա է եղել: «Նրան վիրահատել էին ընդհանուր թմրաքնի (նարկոզ) կիրառմամբ: Հետո, չգիտես ինչու, ևս մի վիրահատության կարիք առաջացավ և նորից դա արվեց ընդհանուր թմրաքնի միջոցով: Այս ամենն անհասկանալի է, քանի որ, սովորաբար, կույր աղիքը հեռացնում են տեղային անզգայացման միջոցով: Անդրեյը նոր էր սկսել ապաքինվել, երբ նրա մոտ իշեմիկ կաթված եղավ: Նա նորից տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ սիրտը կանգ առավ: Երեք օր կոմայում անցկացնելուց հետո, նա մահացավ»,- պատմել է Դենիսովը՝ ցավով նշելով, որ Դավիդյանը բացառիկ մարդ էր՝ լի ավյունով, ապագայի հետ կապված ծրագրերով ու լավատեսությամբ:


Աղբյուրը հիշեցնում է, որ «Ձայնը-2» հեռուստանախագծում ունեցած հաջողությունից հետո երաժիշտը պարբերաբար համերգներ էր տալիս, ելույթներ ունենում տարբեր երկրներում:


Նրա յուրաքանչյուր ելույթ անկրկնելի մթնոլորտի, երաժշտական տարբեր գործիքների վիրտուոզային նվագի ու տպավորիչ վոկալային իմպրովիզների ցնցող համադրություն էր:

 

Մոսկվայի դատախազությունը կքննի հայտնի երգիչ Անդրեյ Դավիդյանի հանկարծամահության պատճառները