Քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների զինգրքույկներում կնշվի, որ մասնակցել են մարտական գործողությունների. ՊՆ

19:58 • 24.11.16

2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած պարտադիր զինվորական ծառայություն անցած և ծառայության մեջ գտնվող զինվորների զինգրքույկներում կկատարվեն գրառումներ, որ նրանք մասնակցել են մարտական գործողություններին. այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:

ՊՆ գրավոր պատասխանում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գործողության դրված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հաշվառման հրահանգի» պահանջներով, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի կարգադրությամբ՝ 2016թ. ապրիլի 2-6-ը հակառակորդի հետ տեղի ունեցած մարտերին մասնակցած և ներկայումս ժամկետային պարտադիր ծառայության մեջ գտնվող զինծառայողների զինգրքույկներում և համապատասխան փաստաթղթերում արդեն իսկ կատարվում են գրառումներ մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշելով երբվանից մինչև երբ է մասնակցել, զորամասը, պաշտոնը, որը կնքվում է զորամասի զինանշան կնիքով:  

Իսկ ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից 2016թ. ամռանը զորացրված և 2016թ. ապրիլի 2-6-ը մարտերին մասնակցած, սակայն զինգրքույկներում մասնակցության վերաբերյալ այդ մասին գրառումներ չունեցող զինապարտները կարող են դիմել համապատասխան տարածքային զինկոմիսարիատ, որտեղից գրավոր հարցում կկատարվի նրանց ծառայության վայրի զորամասի հրամանատարին և անհրաժեշտ հիմքերի (գրություն, զորամասի հրամանատարի հրամանից քաղվածք) առկայության դեպքում նախկին զինծառայողների զինգրքույկներում և համապատասխան զինվորական հաշվառման փաստաթղթերում կկատարվեն գրառումները և կնքվեն զինվորական կոմիսարի կլոր կնիքով»:

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներից շատերի զինվորական գրքույկում նշված չէ, որ մասնակցել են ապրիլյան քառօրյա մարտերին: Զորացրված զինվորների ծնողները դժգոհում էին, որ այդ պատճառով օրինակ չեն կարողանում օգտվել բուհերում նրանց համար զեղչված ուսման վարձից: