Մենք Սիրիա ենք մտել Ասադի իշխանությանը վերջ տալու համար. Էրդողան

15:52 • 29.11.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի տարածք է մտել Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալելու նպատակով, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Սիրիայում մահերը շարունակվում են, ՄԱԿ-ն ի՞նչ է անում: Իրաքում կա՞, նորից չկա: Մենք ասացինք` համբերություն, համբերություն, համբերություն... Եվ, ի վերջո, չդիմացանք և ստիպված եղանք մտնել Սիրիա` «Սիրիական ազատ բանակի» օգնությամբ: Ինչո՞ւ մտանք: Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք: Խնդիրը հողն իրական տերերին վերադարձնելն է: Այսինքն` մենք այնտեղ ենք արդարության վերականգնման համար: Պետական ահաբեկչություն իրականացնող Ասադի իշխանությանը վերջ տալու համար ենք մտել Սիրիա, ուրիշ ոչնչի», - հայտարարել է Էրդողանը:

Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։