Մեզ համար անկախությունը գյավուրին գյավուր ասել կարողանալն է. Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Կաստամոնու քաղաքում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության տեղական կառավարման տարածաշրջանային խորհրդակցության և գնահատման երրորդ հանդիպման ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել, որը մի շարք քննարկումների առիթ է դարձել: Այս մասին հաղորդում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
«Մենք պետք է լուրջ վերաբերվենք այս անկախության խնդրին: Մեզ համար անկախությունը գյավուրին գյավուր ասելով նրա առաջ վեր խոյանալ կարողանալն է»,- ասել է Քուրթուլմուշը:
Նշենք, որ «գյավուր» բառը թուրքերի կողմից ոչ մահմեդական ժողովուրդներին անվանելու տարբերակ է, որը հաճախ կրում է արհամարհական կամ ստորացուցիչ իմաստ։ Բառացի նշանակում է անհավատ։
Արևմտաեվրոպացիներն այդ բառին ծանոթացել են Ջ. Բայրոնի հայտնի «Գյավուրը» («The Giaour») բանաստեղծության շնորհիվ։
Փոխվարչապետի հայտարարությունը մեծ հակազդեցության է արժանացել Թուրքիայի հայկական, հունական և ասորական համայնքների մի շարք ներկայացուցիչների և հատկապես երիտասարդության կողմից: Թուրքիայում բնակվող բազմաթիվ հայ, հույն և ասորի օգտատերեր Քուրթուլմուշի հայտարարությունից հետո սոցցանցերում ստեղծել են «Ne Mutlu Gavurum diyene» հեշթեգը, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ինչ երջանիկ է նա, ով ասում է գյավուր եմ» (Ի պատասխան Թուրքիայի հայտնի աշակերտական երդման «Ինչ երջանիկ է նա, ով ասում է թուրք եմ» բառերին, որոնք պարտադրում են արտասանել նաև Ստամբուլի հայկական և հունական դպրոցներում):










