Հայաստանում բնական ճանապարհով ծնված եռյակը 1 ամսական է ու վաղը դուրս կգրվի հիվանդանոցից (տեսանյութ)

21:19 • 08.12.16

Հայաստանում բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, ծնված եռյակն այսօր դարձավ 1 ամսական:

Երեխաների երիտասարդ մայրը՝ Հասմիկ Փահլևանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ անսահման երջանիկ է իր փոքրիկ գեղեցկուհիների համար: Նշենք, որ երեք երեխաներն էլ աղջիկներ են, որոնց ծնողները անվանել են Անգելինա, Արիանա ու Յանա:

Երեխաները մինչ այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո՝ «Մուրացանի» մանկական հիվանդանոցում: Հասմիկ Փահլևանյանն ասաց, որ իրենց վաղը դուրս են գրելու հիվանդանոցից: Նշենք, որ եռյակ ունեցած ընտանիքն ապրում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ եռյակ լույս աշխարհ բերելն այսօր բացառիկ երևույթ է համարվում: Հասմիկի երեխաները ծնվել են «Շենգավիթ» ԲԿ-ում՝ առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման՝ 1300, 1400 և 1500 գրամ քաշերով:  

Կեսարյան հատումից անմիջապես հետո փոքրիկները կարիք են ունեցել շնչառական օժանդակության, ընդ որում՝ նրանցից երկուսը առավել ծանր վիճակում էին և կարիք է զգացվել սուլֆանտատի էնդոտրախիալ ներթոքային ներարկման:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում նորածիններն ակտիվ բուժման կուրսն անցնելուց հետո արդեն բավարարին մոտ վիճակում տեղափոխվել են Մուրացան ԲԿ՝ հետագա վերականգնողական կուրսն անցնելու նպատակով: