ՀՀ-ում գիտության ավելի քան 6000 թեկնածու կա, որոնցից շուրջ 4500-ը գիտության հետ բացարձակ կապ չունի. Սամվել Խուդոյան
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանն այսօր հրավիրված ասուլիսին, որի թեման «Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծն էր» և քննարկումը՝ հնարավոր անցումը մեկ գիտական աստիճանի, նախ տեղեկացրեց, որ Հայաստանում առկա գիտական երկու աստիճանով՝ 400-500 դոկտոր կա և 6000-ից ավելի թեկնածու: Ըստ նրա՝ թեկնածուներից շուրջ 4500-ը գիտության հետ բացարձակ կապ չունի, և նրանց մի մասի համար գիտական աստիճանը պաշտոնի համար է՝ մեդալի նման մի բան:
«Կամ բրիլիանտից մատանու նման մի բան. գնել են՝ արտագրված այստեղից-այնտեղից: Գիտական աստիճանի համար վճարում են, ես անիմաստ եմ համարում վճարել այն մարդկանց, որոնք գիտական հիմնարկներում չեն աշխատում»,-ասաց նա:
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանն այդքանով հանդերձ պարտադիր է համարում գիտության երկրորդ աստիճանի պահպանումը, քանի որ, ըստ նրա, դրանով ֆունդամենտալ հետազոտությունները կվերանան: Նա առաջարկում է գիտական երկրորդ աստիճանը պահպանել, խստացնել թեկնածու դառնալու համար պահանջները՝ նաև ծավալի տեսանկյունից։
«Գիտական երկրորդ աստիճանի նպատակն է խրախուսել, նպաստել ֆունդամենտալ հետազոտություններին, որոնք խորը բովանդակություն ունեն: Եթե չլինի կարիերայի այդպիսի աստիճան, ֆունդամենտալ գիտությունը կարող է ավելի թույլ զարգանալ: Էստոնիան, Լիտվան, Լատվիան, բոլոր տեղերում բողոք կա, որ այնտեղ վերանում են ֆունդամենտալ հետազոտությունները, մարդը տասնյակ տարիներ կարող է աշխատել դոկտորականի համար: Իհարկե, դոկտորականներ կան, որ թեկնածուականներից շատ վելի վատ վիճակում են.՝ պաշտոններից ելնելով, ծանոթներով են պաշտպանել»,-ասաց նա:
Ատոմ Մխիթարյանն էլ նշեց, որ 2015-ին ՀՀ-ում գիտությունների դոկտորի դիպլոմ է ստացել 43 հոգի, 2016-ին՝ 34: Այս թիվը գնալով նվազում է, որովհետև 2014-ին 50 էր և դրանից առաջ՝ ավելի շատ:
«Այն ատենախոսությունները, որոնք մասնագիտական խորհրդում պաշտպանվում են, ԲՈՀ-ում շուրջ 17 տոկոսը չի հաստատվում՝ կապված որակի հետ կամ շատ արտագրություններ ենք գտնում: Եթե նույնիսկ մեկ էջ արտագրություն հայտնաբերում ենք, միանգամից մերժում ենք»,-ասաց նա:










