Սահմանվել են Պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները. ԱՆ

14:37 • 23.02.17

Պրոբացիայի պետական ծառայության կամավորներ կարող են լինել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ, որոնք ուսանում են իրավագետի, սոցիոլոգի կամ հոգեբանի մասնագիտությամբ կամ ունեն պրոբացիայի պետական ծառայության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ որակավորում:

Այս մասին հայտնում են ՀՀ  ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում, ներկայացնելով «ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը  սահմանելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ այս մասին նշել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նախագծով կարգավորվում են նաև որպես կամավոր ներգրավվելու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերը:

Պրոբացիայի ծառայության կամավորների ինստիտուտի շրջանակներում վերջիններս սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական ծրագրեր իրականացնելու միջոցով կնպաստեն հանցանք կատարած անձանց վերասոցիալականացմանը և կխթանեն հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանը: Արդյունավետ վերասոցիալականացումը կնպաստի նաև կրկնահանցագործությունների նվազեցմանը:

Պրոբացիայի ծառայության գործունեությունում կամավորների ակտիվ ներգրավմամբ կբարձրանա պրոբացիայի ծառայության գործունեության որակը:

Սահմանվել են Պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները. ԱՆ