Հաջողվել է իջեցնել Երևանի Խանջյան փողոցում վերամբարձ կռունկից ցած նետվել սպառնացող տղամարդուն (թարմացված, տեսանյութ)
17.36
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հաջողվել է համոզել և իջեցնել Երևանի Խանջյան փողոցում վերամբարձ կռունկի վրա բարձրացած և ցած նետվել սպառնացող տղամարդուն:
Ինչպես հայտնում են Մ.Մ.-ի ընկերները, նրանց հաջողվել է ընդհանուր համաձայնության գալ պարտատերերի հետ և հարցը ինչ-որ չափով լուծում է ստացել։
«Դե, պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ պարտատերերը կերկարացնեն ժամկետները»,- Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Մ. Մ.-ի ընկերը:
Այժմ Մ.Մ.-ն գտնվում է Ոստիկանության Կենտրոնի բաժնում:
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
17.11
Երևանում վերամբարձ կռունկի վրա բարձրացած տղամարդու ընկերները բարձրացել են կռունկի վրա` իրենց ընկերոջը համոզելու ցած չնետվել:
Բայց, վերջին տվյալների համաձայն, ինքնասպանության փորձ կատարողը վերջնագիր է ներկայացրել։
«Եթե մի ժամից իմ պահանջը չկատարեք, ես իմ ընտրությունը կանեմ»,- ինչպես Tert.am-ի հետ զրույցում փոխանցեց Մ.Մ.-ի ընկերը՝ Արեգ Աթոյանը, ասել է տղամարդը:
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
16.10
Երևանում վերամբարձ կռունկի վրա բարձրացած և ցած նետվել սպառնացող տղամարդու ընկերները երաշխավորում են, որ եթե իրենց ընկերոջ վարկը տրվի, իրենք ընկերներով կհավաքվեն, վարկը կփակեն:
«25 հոգով կհավաքվենք, վարկը կփակենք»,-ասաց տղամարդու ընկերը:
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
15.59
Քիչ առաջ վերամբարձ կռունկի վրա բարձրացած տղամարդու հետ կապ հաստատելու փորձ արեց նրա ընկերը՝ ասելով. «Մանուկ ջան, կոտրում ես մեզ»։
Նրան կողքից մասնագիտական խորհուրդներ էր տալիս հոգեբանը, սակայն բոլոր փորձերն ապարդյուն էին, քանի որ, ինչպես ընկերը փոխանցեց Tert.am-ի հետ զրույցում, եթե իր պահանջները չկատարվեն, ինքը գիտի իր անելիքը, ինքը արել է իր ընտրությունը:
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
15.39
Խանջյան փողոցում գտնվող վերամբարձ կռունկի վրա գտնվող տղամարդու ընկերները, որոնք հավաքվել են դեպքի վայրում, խորհրդակցում են՝ ինչ անեն, որպեսզի օգնեն իրենց ընկերոջը:
«Ի՞նչ անենք, ի՞նչ անենք»,-այս խոսքերով բարձրաձայն քննարկող տղամարդիկ դրանից հետո դիմեցին լրատվամիջոցներին, որպեսզի Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով դիմեն վարչապետ Կարեն Կարապետյանին՝ տղամարդու պահանջած վարկը տրամադրելու համար:
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
15:20
Վերամբարձ կռունկից նետվել սպառնացող տղամարդու վիճակը վատանում է։ Ինչպես Tert.am-ի հետ զրույցում հայտնեց դեպքի վայրում ներկա ԱԻՆ հոգեբանը, նա թուլանում է, քանի որ մինչև ծայրահեղ քայլին դիմելը վերջին 3 օրերին կորած է եղել և ակնհայտ է, որ ծանր հոգեկան ապրումներ է ունեցել:
Դեպքի վայր են հասել նրա ընկերները, որոնցից Արեգ Աթոյանը Tert.am-ին հայտնեց, որ տղամարդն ազատամարտիկ է և մասնակցել է ապրիլյան քառօրյային՝ «Արաբո» ջոկատից:
Ընկերներն ասում են, որ նրանից ինքնասպանության փորձը սպասելի չէր, բայց ենթադրում, որ նա գտնվում է ծանր հոգեբանական վիճակում:
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
14։04
Tert.am –ի հետ զրույցում ինքնասպանության փորձ կատարող տղամարդու կինը մանրամասնեց, որ ամուսինը տաքսու վարորդ է, անչափահաս երեխաների հայր:
Ըստ նրա՝ օրավարձով մեքենա է վերցրել, «տաքսու տակ քշել», սակայն մեքենան վթարի է ենթարկվել, իսկ մեքենայի տերը պահանջել է գումարը կամ մեքենան:
Ըստ տիկին Թամարայի՝ ամուսինը 3 օր տուն չի եղել, հետո զանգել են, տեղակացրել, որ բարձրացել է վերամբարձ կռունկի վրա ու սպառնում է ինքնասպանություն գործել:
Տղամարդը փորձել է վարկ վերցնել ու այս միջոցներով վերադարձնել, սակայն բանկերը մերժել են, ինչից հետո դիմել է այս ծայրահեղ քայլին:
Երևան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա բարձրացած քաղաքացին, ով ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով կռունկից, գտնվում է ծանր սոցիալական վիճակում և պահանջում է վարկ՝ 1 մլն դրամի չափով։
Այս մասին Tert.am –ին հայտնեց քաղաքացու կինը։
Դեպքի վայրում է հոգեբանը, ով ինքնասպանություն գործելու մտադրություն ունեցող տղամարդու հետ խոսել է հեռախոսով:
Այնտեղ են նաև շտապօգնության, փրկարար ծառայության մեքենաներ:
Նշենք, որ դեպքի վայր է եկել նրա կինը, ով հեռախոսով կապ հաստատելով նրա հետ անընդհատ ասում է՝ Մանուկ իջի'ր, Մանուկ իջի'ր, սակայն տղամարդը, ըստ ամենայնի չի համաձայնում, քանի որ կինն, ի պատասխան, ասում է՝ չեն խաբի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 3-ին, ժամը 12:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա, ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով կռունկից: 
Նելլի Լազարյան
Լիլի Խաչատրյան










