ՀՀԿ նախընտրական տեսահոլովակում հանդես եկած «Ռեինկարնացիան» այլ քաղաքական ուժերից և ոչ մեկին չի մերժել

14:23 • 06.03.17

 

«Ռեինկարնացիա» խումբը «չունի ուղղվածություն դեպի Հանրապետական կուսակցություն», և ՀՀԿ-ի առաջարկից բացի ընդունել է նաև ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող մյուս ուժերի առաջարկները. մյուսների համար էլ խումբը հանդես է գալու համերգներով:

Այս մասին Tert.am –ին հայտնեց խմբի կազմակերպչական հարցերով զբաղվող Նանեն ու ավելացրեց. «Բացի դրանից՝ նորություն չէ, որ մեր տեսահոլովակները ներկայացնում է «Շարմ» հոլդինգը, միշտ կազմակերպում է, այսինքն՝ «Ռեինկարնացիա պրոդաքշնը» չի արել դա, այլ դա եղել է «Շարմ»-ի հերթական առաջարկներից, ոչ թե Հանրապետականի»:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկին: «Հանրապետական» կուսակցությունը ներկայացավ «Փոխենք աշխարհը» տեսահոլովակով՝ «Ռեինկարնացիա» խմբի կատարմամբ, իսկ հարվածային գործիքները նվագում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Սոցիալական ցանցերում այս քաղաքական-երաժշտական իրադարձությունը երեկ ակտիվորեն քննարկվում ու քննադատվում էր, ինչպես նաև այն հանգամանքը, որ մեկ ամիս առաջ խմբի   մեներգիչ Ռոլանդը բացասական կարծիք էր ներկայացրել ՀՀԿ-ի մասին ու գրել էր, որ ավելի լավ է ընտրել «Սնիկերս» կամ «Բաունտի», քան ՀՀԿ: Եվ չնայած այս գրառումն արդեն հեռացված է Ռոլանդի էջից, խմբի կազմակերպչական ղեկավարը շարունակեց պնդել. «Մենք ինքներս էլ՝ որպես անձնավորություն, հակասություն ունենք Հանրապետական կուսակցության գործունեության հետ»:

Նանեն հավելեց, որ իրենց հետաքրքրել է այն, որ Կարեն Կարապետյանը պետք է նվագի հարվածային գործիքների վրա և մեկնաբանեց. «Որովհետև ամեն երկիր չէ, որ ունի հնարավորություն, որ վարչապետը երաժիշտ է»։

Ավելին՝ առաջարկ է եղել երգում գործածել «հանրապետական» բառը, մինչդեռ խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը մերժել է:

Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, ապա խմբի կազմակերպչական հարցերով ներկայացուցիչը նշեց, որ եթե տեխնիկական պայմանները թույլ տան, քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար էլ հանդես կգան համերգով:

 

 

ՀՀԿ նախընտրական տեսահոլովակում հանդես եկած «Ռեինկարնացիան» այլ քաղաքական ուժերից և ոչ մեկին չի մերժել