Ես ինքս  Տիգրան Տեր-Պետրոսյանի խարդախության զոհն եմ, թող գտնեն, բերեն. Տիգրան Տեր-Մարգարյան (տեսանյութ)

20:06 • 11.03.17

Ես ինքս Տեր-Պետրոսյանների ընտանիքի, մասնավորապես Տիգրան Տեր-Պետրոսյանի խարդախության զոհն եմ, կորցրել եմ 2 բնակարան, խոշոր գումար , ոսկեղեն, մեքենա։ Այս մասին  Tert.am-ի հետ զրուցում ասաց  «Ելք» դաշինքից պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանը, ով Մարտի 7-ին Հրաչյա Քոչարի փողոցում մահացած հայտնաբերված 41 ամյա Վարդուհի Սարոյանի քրոջ ամուսին է։ Նա մանրամասնեց, որ 2014թ-ին առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանի  եղբոր որդուց՝ Տիգրան Տեր-Պետրոսյանից  համատեղ գործ սկսելու առաջարկ  է ստացել, ինչի համար Տիգրան Տեր-Պետրոսյանն  ասել է, որ անհրաժեշտ է գույք գրավադրվել և գրավադրվել է Բաղրամյան 2/80 հասցեում գտնվող խանութի տարածքը, որը իր կնոջ և մահացած Վարդուհի Սարոյանի  համատեղ սեփականություն  է  եղել և նա Վարդուհու Սարոյանից լիազորագիր է  վերցրել։

«Դրանից հետո Տիգրան Տեր-Պետրոսյանը բառացի  ասաց՝բանկը  իմ ցանկացած գումարը չի հաստատել։ 600.000 դոլար է հաստատել, բայց ես այդ գումարը չեմ վերցնի»,-մանրամասնեց նա։

Տիգրան Տեր-Մարգարյանի խոսքով՝ Տիգրան Տեր-Պետրոսյանն ասել է, որ գույքը չի գրավադրել, այն ինչ խաբել է, հետագայում նաև տարածքը այլ մարդու անունով է գրանցվել։

«Բանկի խարդավանքի պատճառով արվեց  ուրիշ մարդու՝ Հայկ  Հակոբյանի անունով,  ով  իրենց բարեկամն է, նա  հրաժարվում է, որևէ մեկնաբանության տալ և հայտարարում է ՝ խանութն իմն է»,-մանրամասնեց  Տիգրան  Տեր-Մարգարյանը։

Երեկ Tert.am-ի հետ զրուցում    փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ Վարդուհի Սարոյանը  դիմել էր իրավապահ մարմիներին և քրեական գործ կա հարուցված, որում նա  իրեն ունեզրկելու մեջ մեղադրում է  Տիգրան Տեր-Պետրոսյանին և քրոջ ամուսնուն՝ Տիգրան Տեր- Մարգարյանին։

Վերջինս ասաց, որ ինքը գործով անցնում է  որպես վկա։

«Ես ինքս կողմնակից եմ, որ այս գործը բացահայտվի, ես  ինքս  եմ  տուժող, հիմա շատ ավելի շահագրգռված եմ, որ  այս գործը բացահայտվի, եթե ես ինքս եմ մեղավոր, խնդիր չկա ես պատրաստ եմ  պատասխանատվություն վերցնել իմ վրա, բայց ես շեշտում եմ ո՛չ  օրենքի, ո՛չ, մանավանդ Աստծո  առաջ ես մեղք չունեմ, թող գտնեն Տիգրան Տեր-Պետրոսյանին թող բերեն, առերեսում կազմակերպեն,  պատրաստ եմ ցանկացած ձևով ,  ձևաչափով  ապացուցել իմ անմեղությունը, որովհետև ես չէի  կարող լինել Տիգրան Տեր –Պետրոսյանի հետ կողմնակից՝ կորցնելով երկու բնակարան, մեքենա, մոտ 30 հազար ԱՄՆ դոլարի ոսկի , որը որ իմ ընտանիքի ոսկեղենն էր և գոյացել էր նաև ժառանգաբար, հիմարություն է  գնալ հանցանքի, որ դու կորցնես, եթե շահած  լինեի  բնակարանիս վրա ավելացած լիներ ևս երկու բնակարան, մեքենաս ավելի շքեղ լիներ, քան նախկինում էր, միգուցե կհամաձայնեի ձեր ասածի  հետ»,-շեշտեց նա»,  -շեշտեց նա։

Տիգրան Տեր-Մարգարյանի դիտարկմամբ՝ իր մեղքն այն , որ Վարդուհի Սարոյանին ծանոթացրել է Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ, քանի որ կարծել է թե իր լավ ընկերն է, նա  պիտի լիներ նաև իր երեխաների կնքահայրը։

Տիգրան Տեր-Մարգարյանը  մանրամասնեց,  որ համատեղ գործ սկսելու համար Տիգրան Տեր-Պետրոսյանը իրենից նաև կանխիկ գումար է  պարտք վերցրել։

«Տիգրան Տեր-Պետրոսյանը  ինձ պարտք էր  գումար, ժողովրդի լեզվով ասած՝ քյաշ փող, ես խնդրեցի, որ նա վերադարձնի  իմ գումարը, մոտավորապես 160-170 հազար դոլարի չափով , դա նաև այն գումարի մասն էր, որի համար գրավադրվել էր Պտղնիում կնոջս միանձնյա  պատականող առանձնատունը»,-մանրամասնեց նա։

Տիգրան Տեր-Մարգարյանի խոսքով՝ երբ  ինքը  փորձել է կապ հաստատել Տեր-Պետրոսյանի հարազատների հետ, Տիգրան Տեր-Պետրոսյանի  եղբայրը՝ Հակոբ Տեր-Պետրոսյանը, ասել է, որ  իրեն էլ է  «գցել», ընկերներին պարտք է, մի մասը չի տվել։

Ինչ վերաբերում Վարդուհի Սարոյանի  հետ հարաբերություններին, ապա Տիգրան Տեր-Մարգարյանի դիտարկմամբ՝  հարաբերություները լարվել են 2016 թ-ի  սեպտեմբերից, մինչ այդ նույն հարկի տակ են  ապրել։

«Սեպտեմբերից սկսած Վարդուհի Սարոյանը 180 աստիճանով փոխվեց, ասեց՝  տեղեկություն ունեմ, որ դու էլ ես մեղավոր, ասեցի հա՛, մեղավոր եմ, որ հավատացել եմ նման տականքին, մեղավոր եմ, որ ընկեր ընդունելով մտել եմ նրա հետ գործի մեջ  և մեղավոր եմ նրանում, որ քեզ եմ ծանոթացրել նրա  հետ, եթե ես չծանոթացնեի, չէիր ցանկանա նրա հետ մտնել գործի մեջ, ուղիղ հարց տվեցի Վարդուհի Սարոյանին՝  ի՞նչն է պատճառը, որ մեկ ու կես  տարի նույն հարկի տակ ապրելուց հետո եկել է եզրահանգմանը, որ  ես էլ եմ մեղավոր։  Վարդուհի Սարոյանը ինձ ուղիղ պատասխանեց, որ Տիգրան Տեր-Պետրոսյանի ընտանիքից ինչ-որ մեկի հետ է հանդիպել, նրանք համոզել են, որ ես էլ եմ մեղսակից,ես  նրան պատասխանեցի, որ դա ուղղակի աբսուրդ է»,-ընդգծեց նա։

Տիգրան Տեր Մարգարյանը նաև նշեց, որ փորձել է  դիմել  Լևոն Տեր-Պետրոսյանին, գնացել է իր առանձնատուն, բայց Տեր-Պետրոսյանը  հրաժարվել է ընդունել։

Հիշեցնենք, որ, Վարդուհի Սարոյանի մահից հետո հարուցվել է քրեական գործ՝ Քր.օր 110 հոդվածի 1-ին մասով՝ «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: 

 

 

 

 

 

Ես ինքս  Տիգրան Տեր-Պետրոսյանի խարդախության զոհն եմ, թող գտնեն, բերեն. Տիգրան Տեր-Մարգարյան (տեսանյութ)