114 դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն 1 է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ. դատախազություն

16:23 • 27.03.17

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի հիման վրա (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ) ՀՀ գլխավոր դատախազությունը կատարել է ուսումնասիրություն և պարզել, որ դրանցից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ, իսկ մնացած 113-ը՝ ոչ:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ մամուլում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդվածները և դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս հունվար ամսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում: Նշված մյուս ձայնագրությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, ուստի դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը գտնվում է պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակում»,-ասված է Գլխավոր դատախազության պատասխանում:

Հիշեցնենք, որ այսօր ԿԳՆ-ն ևս տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ դպրոցի տնօրենները հանդես կգան պարզաբանմամբ:


 

 

114 դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն 1 է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ. դատախազություն