Հայաստանի և Թուրքիայի ներդրողների միջև հարաբերությունների զարգացումն առավել շատ պետք է հետաքրքրի Թուրքիային, քան Հայաստանին․ Ռիչարդ Կիրակոսյան

14:27 • 02.05.17

Հայաստանի և Թուրքիայի ներդրողների  հարաբերությունների զարգացումն առավել շատ պետք է հետաքրքրի Թուրքիային, քան Հայաստանին: Լրագրողների հետ զրույցում, խոսելով Երևանում կազմակերպված Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպման մասին, ասաց միջոցառման մասնակիցներից  Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Մենք իսկապես տեսնում ենք հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկար:  Հայաստանն ավելի շատ ամուր դիրքերում է, քան թույլ: Աշխարհի մեծ մասն առավել շատ սպասում է Թուրքիայից, որ առաջ շարժվի: Իսկ Հայաստանը երկու երկրների հարաբերությունների նորմալացման գործընթացում ամեն ինչ արել է  իր միտքն ու դռները բացելու համար»,- ասաց նա:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ Երևանում Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպման կազմակերպումը ցույց է տալիս Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների դինամիկ զարգացման փաստը, որը հիմա առաջացնում  է աշխարհի և նաև թուրք ներդրողների  հետաքրքրությունը:

Ըստ նրա՝ ներդրումներ կարող են լինել թուրք գործարարների, այլ ոչ թե ընկերությունների կողմից․  մենք կարիք ունենք հրավիրելու ներդրումներ Հայաստան բոլոր երկրներից: «Սա չի նշանակում աշխատաշուկա ստեղծել, գործարաններ կառուցել, այսինքն՝ ավանդական տնտեսական զարգացման մոդելով առաջ գնալ, այլ պետք է պատրաստել Հայաստանի տնտեսությունն ապագայի համար»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին, արդյոք նման միջոցառումները կարող են ազդել երկու երկրների միջև եղած քաղաքական հարաբերությունների վրա, նա պատասխանեց․ «Այո, ամեն անգամ արտահանումների ժամանակ  կապ է ստեղծվում մարդկանց միջև, այս դեպքում արդեն նաև ներդրողների միջև:  Սա, իսկապես, նպաստող միջավայր է ստեղծում նաև քաղաքական միջավայրի համար: Հետաքրքիր էր, որ թուրք ներդրողներից մեկը կիսով չափ հայ էր: Սա ցույց է տալիս իրար հետ ունեցած կապը և միասնական ապագան երկու երկրների համար: Սա կամուրջ է ստեղծում, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը»:

Ռիչարդ Կիրակոսյանը նաև նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների դրական ընթացքն ավելի հավանական է, քան հայ-ադրբեջանական հարաբերություններինը: «Ես կողմ եմ Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, որտեղ նախապայմաններ չկան: Հայաստանը ճիշտ արեց ժամանակին հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելով: Ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանն ավելի ամուր վիճակում է գտնվում: Հակառակ պնդումների՝ բավականին վատ վիճակում է գտնվում նաև Ադրբեջանը․ նույնիսկ Թուրքիան Բաքվի գերին է՝ ինչը մեծ զայրույթ է առաջացնում այդ երկրում»,-նշեց նա: