Իսրայելական անօդաչու սարքերը հայկական դիրքերի վրա փորձարկելու լուրերը չեն կարող ազդել մեր հարաբերություների վրա, որովհետև ոչինչ տեղի չի ունեցել. Իսրայելի դեսպան
Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Երուշալմիի կարծիքով՝ իսրայելական մամուլում հրապարակված տեղեկությունը, որ իսրայելական անօդաչու սարքերը իսրայելցի օպերատորների կողմից փորձարկվել են հայկական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:
«Այդ տեղեկատվությունը գրվել է թերթում և թերթը հետո հերքել է իր հրապարակած լուրը: Դա ամենայն հավանականությամբ երբեք էլ տեղի չի ունեցել, բայց ամեն դեպքում Իսրայելը ստուգում է այդ ինֆորմացիան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Էլիյահու Երուշալմին:
Վերջինս նշեց, որ այս հրապարակումը չի կարող ազդել հայ-իսրայելական հարաբերություների վրա, որովհետև «ոչինչ էլ տեղի չի ունեցել»: «Թերթում հոդված է հրապարակվել, այն հերքվել է, և ես կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ, ոչինչ տեղի չի ունեցել: Մենք ամեն դեպքում ստուգում ենք այդ տեղեկատվությունը»,- կրկնեց դեսպանը:
Նա հիշեցրեց, որ դեռևս երկու շաբաթ առաջ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարն այցելել էր Հայաստան, երկու երկրների միջև կնքվել են համաձայնագրեր, ինչը վկայում է հայ-իսրայելական լավ հարաբերությունների առկայության մասին: «Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները գնալով բարելավվում են, ներկայումս մեծ համագործակցություն կա մեր երկու երկրների միջև»,- շեշտեց Էլիյահու Երուշալմին:
Հարցին՝ թե ո՞ւմ շահերից էր այդ դեպքում կեղծ տեղեկատվություն հրապարակել, չէ՞ որ սա շատ կարևոր անդրադարձ կարող է ունենալ պետությունների հարաբերությունների վրա, դեսպան Երուշալմին պատասխանեց. «Ես գաղափար չունեմ, թե ինչու է այդ հոդվածը հրապարակվել, պետք է հարցնեք նրանց, ովքեր հրապարակել են այն: Երբեմն, հոդվածներ են հրապարակվում երկու կողմերի միջև հարաբերությունները փչացնելու համար: Երբեք պետք չէ հավատալ այն ամենին ինչ գրված է թերթերում: Մեր տեսակետն այն է, որ նման բան երբեք էլ տեղի չի ունեցել։ Նույնիսկ երբ կարդում ես այդ հոդվածը մի փոքր դժվար է հավատալ այն ամենին, ինչ գրված է այդտեղ. դա կարծես պատմություն լինի լուսնից: Ես դրան շատ լուրջ չէի վերաբերվի, կմոռանայի դրա մասին»:
Ճշտող հարցին՝ Իսրայելն ամեն դեպքում վաճառե՞լ է Ադրբեջանին անօդաչու սարքեր, Է. Երուշալմին ասաց, որ ինքը չի կարող մեկնաբանել տարբեր երկրների ռազմական գնումները, ասել, թե ինչ է վաճառվել, ինչ չի վաճառվել, որովհետև շատ գործարքներ իրականացվում են մասնավոր ընկերությունների միջև:










