Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է ԼՂ հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը:
Այս մասին հայտնել է amerikayidzayn.com կայքը։
Առաջին կետում նշվում է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ և իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
«Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության և ինքնավարության երաշխիքներ»,–ասվում է երկրորդ կետում։
Երրորդ կետով համանախագահը նշում է, որ «Լեռնային Ղարաբաղի շուրջ «գրավված» տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը, և այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»:
«Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
Հարատև կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»,-ասել է ամերիկացի համանախագահը։










