Ֆրանկֆուրտում ներկայացվել է Audi–ի՝ առանց ղեկի և ոտնակների մոդելը
Երկուշաբթի օրը գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում մեկնարկած միջազգային ավտոսրահի ժամանակ Audi ընկերությունը ներկայացրել է առանց ղեկի և ոտնակների ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Aicon մոդելը, որն աշխատում է էլեկտրականությամբ, մեկ անգամ լիցքավորվելով կարող է 130 կմ/ժամ արագությամբ անցնել 700-800 կիլոմետր տարածություն:
Նշվում է, որ փոխադրամիջոցը հագեցած է անլար լիցքավորմամբ և անհրաժեշտության դեպքում կարող է ինքնուրույն փնտրել լիցքավորման կայարան և միանալ՝ էներգիան համալրելու համար: Վարորդը կկարողանա ղեկավարել այն սենսորային պանելների և ձայնային հրահանգների միջոցով:
Հիշեցնենք, որ միջազգային ավտոսրահի ժամանակ ներկայացվել է նաև Toyota Land Cruiser Prado ամենագնացի նոր սերունդը: Ավտոմեքենան ընդհանուր առմամբ պահպանել է արտաքին տեսքը, սակայն կափարիչը, ռադիատորի վանդակաճաղը, լուսարձակները, դիմացի թևերը և բամպերը նոր ձև են ստացել:










