Այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ նոր iPhone X-ի մասին (լուսանկարներ)
Սեպտեմբերի 12-ին ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց ամիսներ շարունակ բազմաթիվ քննարկումների ու ենթադրությունների առիթ դարձած սմարթֆոնը՝ նոր iPhone X-ը:
Gizmodo կայքն ուշագրավ անդրադարձով ներկայացրել է տպավորիչ նորույթին վերաբերող առանցքային տեղեկությունները:
Նախևառաջ նշվում է, որ նոր iPhone-ը կարդացվում է ոչ թե «Այֆոն Իքս», այլ «Այֆոն Տասը». X-ն այս պարագայում հռոմեական 10 թիվն է ու խորհրդանշում է iPhone-ի 10-ամյակը:

Հեռախոսը, որը ջրակայուն է ու փոշի չի կլանում, ունի ավելի մեծ` 5.8 դյույմանոց էկրան, ապակյա պանել: Այն հասանելի կլինի մոխրագույն ու արծաթագույն երանգներով: Աղբյուրը նկատում է, որ նոր սերնդի iPhone-ն այն աստիճան կատարելագործված է, որ լրացնում է Apple-ի հեռախոսների ու Android-սարքերի միջև եղած մրցակցության բացը: Օրինակ՝ սարքի նորարարություններից են անլար լիցքավորման հնարավորությունը, դիմաճանաչողական գործառույթն ու ցնցող OLED էկրանը: Մինչդեռ iPhone-ի նախորդ մոդելները համալրված էին LCD էկրանով:

iPhone X-ի նոր Super Retina Display էկրանն անհամեմատ ավելի վառ է, ունի ավելի բարձր լուծաչափ (2436 x 1125 ): Առանձնակի ուշադրության է արժանի Apple-ի 6-միջուկանի նոր A11 Bionic չիպը, որը զգալի ավելացնում է սմարթֆոնի աշխատանքի հզորությունը:
Ինչ վերաբերում է ականջակալներին, ապա դրանց համար նախատեսված հատուկ անցքը, ինչպես և iPhone 7-ի դեպքում, այլևս բացակայում է: Սմարթֆոնի դիզայնից հեռացվել է նաև գլխավոր կառավարման մեծ կոճակը (Home button), ինչի հետևանքով հեռախոսը զրկվել է նաև մատնահետքերի ճանաչման Touch ID սենսորից: Բայց փոխարենը Apple-ի հմուտ ինժեներները ներդրել են եռաչափ դիմաճանաչողական գործառույթ (Face ID), որը կարող է ապակոդավորել հեռախոսը՝ միայն նայելով օգտատիրոջ դեմքին:

Apple-ը վստահեցնում է, որ նոր տեխնոլոգիան շատ վստահելի է ու իրականում հավանականությունը, որ Face ID-ին իրական օգտատիրոջ դեմքը կշփոթի մեկ այլ մարդու դեմքի հետ, մեկը միլիոնի հարաբերակցությամբ է: Այս համակարգն այն աստիճան խելացի է, որ նույնիսկ կարող է որոշել՝ օգտատերը նայում է ուղիղ էկրանին, թե ուղղակի դրա ուղղությամբ:
Սակայն հայտնի է, որ սմարթֆոնի շնորհանդեսի ժամանակ նոր գործառույթը տապալել է իրադարձությունը՝ չկարողանալով ճանաչել օգտատիրոջ դեմքը:
«Ահա նոր iPhone X-ը, որն ապակոդավորելու համար բավական է միայն նայել դրա էկրանին»,-ասել է Apple-ի փոխնախագահ Քրեյգ Ֆեդերինին: Սակայն այդ խոսքերից հետո տեղի է ունեցել չնախատեսված բան. հեռախոսը չի ճանաչել Ֆեդերինիին: Արդյունքում նա ստիպված է եղել թվային գաղտնաբառը մուտքագրել, որպեսզի բացի հեռախոսը:
Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա դրանք 12 մեգապիքսելանոց են:
Լայն կիրառում գտած էմոձիները ևս թարմացվել են: Նորույթներն անիմացիոն են ու շարժվում են` հետևելով օգտատիորջ դիմախաղին, ինչի արդյունքում հաղորդագրություններն առավել խոսուն են դառնում:
![]()
Եզրափակելով անդրադարձը՝ Gizmodo-ն գրում է, որ iPhone X-ն արժե 999 դոլար։ Հեռախոսը հասանելի կլինի 64 Գբ և 256 Գբ հիշողության ծավալներով: Նորույթի նախնական պատվերներն ընդունվելու են հոկտեմբերի 27-ից, իսկ առաքումը կիրականացվի նոյեմբերի 3-ից:











