Հումանոիդ ռոբոտը որպես նվագավար ղեկավարել է իտալական նվագախումբը (լուսանկարներ, տեսանյութ)
Առաջադեմ տեխնոլոգիաները սրընթաց գրավում են աշխարհը՝ ներխուժելով մարդկային առօրյայի գրեթե յուրաքանչյուր ասպարեզ: Օրերս YuMi անունով հումանոիդ ռոբոտը ստանձնել է նվագավարի դերն ու առանց ավելորդ հուզմունքի ղեկավարել իտալական նվագախումբը, որի հետ հանդես է եկել համաշխարհային ճանաչում ունեցող տենոր Անդրեա Բոչելին:
Ինչպես նշում է Reuters-ը, շվեյցարական ABB ընկերության կողմից ստեղծված երկձեռնանի ռոբոտը որպես նվագավար է ներկայացել Պիզայում՝ Վերդիի անվան թատրոնում:
«Մենք պետք է սովորեինք հասկանալ նրա շարժումները: Երբ սովորեցինք, ամեն ինչ շատ հեշտ ստացվեց: Ամեն ինչ ուղղակի ֆանտաստիկ էր: Տեխնիկները ցնցող աշխատանք են արել, ամեն ինչ կատարյալ էր՝ հատկապես ռոբոտի ձեռքի շարժումների արագությունն ու երկարությունը, ինչը շատ կարևոր է»,-պատմել է նվագախմբի անդամ Անդրեա Կոլոմբինին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռոբոտ-նվագավարը չի կարող իմպրովիզներ կամ որևէ այլ չնախատեսված շարժում անել: Նա կրկնում է միայն նախապես սովորած շարժումները:
Հայտնի է, որ ռոբոտը ղեկավարել է նվագախմբի 18 մասանոց ելույթի 3 մասը՝ այդ թվում նաև Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից մի հատված:













