BMW-ի փոխնախագահը «սարսափելի» է անվանել Mercedes-ի պիկապը և խոստացել թողարկել սեփականը (լուսանկարներ)

14:57 • 15.09.17

Գերմանական BMW մեքենաշինական ընկերության ավագ փոխնախագահ Հենդրիկ Ֆոն Քյունհայմը, որը պատասխանատու է Հարավային Աֆրիկայի և ասիական տարածաշրջանի շուկայի համար, «սարսափելի» է անվանել Mercedes-Benz X-Class պիկապը: Այս հայտարարությունը նա արել է Ֆրանկֆուրտի ավտոսրահի ժամանակ Motoring–ին տված հարցազրույցում:

«Եթե նայենք Շտուտգարտից մեր մրցակցի ավտոմեքենաներին, ինձ թվում է՝ X-Class-ը սարսափելի է ստացվել: Նրանցից կարելի էր ավելի լուրջ բան սպասել: Ես տեսել եմ ավտոմեքենան Ժնևում և հիասթափվել: Շատ եմ հիասթափվել: Նրանք կարող են ավելի լավ անել: Mercedes-ը ցնցող ավտոմեքենաներ է ստեղծում, սակայն այս մեկը կատարյալ հիասթափություն է», - ասել է նա:

Քյունհայմը հավելել է, որ իր առաջնահերթ խնդիրներից մեկն ավստրալական շուկայի համար BMW պիկապ ստեղծելն է: Նրա խոսքով՝ ընկերությունը դիտարկում է նման հնարավորությունը, սակայն չի կարող այժմ ասել՝ երբ դա տեղի կունենա:

«Ինձ համար ակնհայտ է, որ եթե քրոսովերների բաժինը շուկայում աճի մինչև 60-70 տոկոս, այնտեղ տեղ կլինի նաև պիկապի համար», - ասել է Քյունհայմը:

«Ամենայն հավանականությամբ, BMW պիկապը կստեղծվի X5-ի կամ X7-ի նոր՝ CLAR պլատֆորմի վրա: Սա կլինի ոչ թե ուտիլիտար ավտոմեքենա, այլ ավտոմեքենա, որը կքշի տիպիկ BMW-ի պես և կհամապատասխանի բրենդի փիլիսոփայությանը», - եզրափակել է նա:

Motor-ի հաղորդմամբ՝ Merecedes-Benz X-Class-ը ստեղծվել է Nissan Navara պլատֆորմի վրա: 

 

 

 

BMW-ի փոխնախագահը «սարսափելի» է անվանել Mercedes-ի պիկապը և խոստացել թողարկել սեփականը (լուսանկարներ)