Իրանը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել (տեսանյութ)

14:30 • 22.09.17

Իրանը ներկայացրել է 2.000 կիլոմետր հեռահարության բալիստիկ հրթիռ, որը կարող է մի քանի մարտագլխիկ կրել: Այդ մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեհին:


Khorramshahr անվանումով հրթիռը ներկայացվել է Թեհրանում ռազմական շքերթի ժամանակ, որին ներկա են եղել Իրանի նախագահ Հասան Ռոհանին և բարձրաստիճան զինվորականներ:


Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Ռոհանին հայտարարել է, որ երկիրը մտադիր է ուժեղացնել իր հրթիռային համալիրի հնարավորությունները: Նրա խոսքով՝ «ոչ մի երկիր» չի խանգարի Թեհրանին զարգացնել իր հրթիռային պոտենցիալը և պաշտպանական ծրագրերը:


«Մենք կզարգացնենք մեր պաշտպանական և ռազմական ուժն այնքան, որքան անհրաժեշտ կհամարենք: Մենք ոչ մեկի թույլտվությունը չենք խնդրում մեր երկիրը պաշտպանելու համար»,- ասել է Ռոհանին:


Իրանի հրթիռային ծրագիրն ԱՄՆ-ի կտրուկ բացասական արձագանքին է արժանանում:


Այսպես, հուլիսի 18-ին ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրին, իրանական ռազմական գնումներին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցող 18 կազմակերպության և անձանց «սև ցուցակում» ներառելու մասին: Ի պատասխան՝ սահմանված պատժամիջոցների առնչությամբ ԱՄՆ-ի դեմ բողոքով Իրանի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ինչպես նաև մեղադրել են Վաշինգտոնին միջուկային գործարքը խախտելու համար:


Իրանի խորհրդարանն ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների քվեարկել է օրենքի նախագծի օգտին, որը նախատեսում է լրացուցիչ 520 միլիոն դոլարի հատկացում բալիստիկ հրթիռների ստեղծման, ինչպես նաև տարածաշրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեության ընդլայնման համար: 

 

 

Իրանը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել (տեսանյութ)