Խոտի վրա բոկոտն քայլել. ՆԱՍԱ-ի ութամսյա գիտափորձի մասնակիցները վերադարձել են նորմալ կյանքի (լուսանկարներ)
Օգոստոսի 18-ին ավարտվել է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ութամսյա գիտափորձը, որի շրջանակում 6 գիտնական գմբեթանման վրանի տակ մեկուսացման մեջ է գտնվել Հավայիներում:
Հայտնի է, որ գիտնական-կամավորները հունվարի 19-ից ապրել են 111 քմ մակերեսով տարածքում: Թիմում եղել է աստղակենսաբան, կենսաբժիշկ և չորս ինժեներ:
Ութ ամիս տևողությամբ ուսումնասիրությունը եղել է հինգերորդն իր տեսակի մեջ, որը ֆինանսավորել է ՆԱՍԱ-ն: Գիտափորձի շրջանակում կազմակերպիչները փորձել են հնարավորինս ճշգրիտ վերարտադրել կյանքը տիեզերակայանում և հասկանալ՝ ինչպես իրենց կզգան դեպի Մարս ուղարկվող պոտենցիալ առաքելության մասնակիցները:
Big Picture-ը գրում է, որ գիտափորձի ընթացքում տեղեկատվության մատչելիությունը սահմանափակ է եղել մասնակիցների համար: Նրանք չեն օգտվել այդ թվում Google-ից: Հայրենիքում տեղի ունեցածի մասին իմանալու համար անձնակազմը խնդրել է նորություններ տրամադրել, և նրանց էկրանապատկերներ են ուղարկել:
Նշվում է, որ գիտափորձի ժամանակ մասնակիցները հնարավորություն են ունեցել դուրս գալ գմբեթից՝ Մարսի մակետն ուսումնասիրելու համար, սակայն միայն սկաֆանդրներով:
«Ես քայլում եմ խոտի վրա առանց կոշիկի և գուլպաների: Իրոք շատ հետաքրքիր է վերադառնալ այս զգացողություններին: Բոլոր այս հոտերը, թռչունների ծլվլոցը: Այն բաներն են, որոնց վրա ուշադրություն չենք դարձնում և սովորական համարում: Արևը տաքացնում է, քամին փչում է: Եվ հանկարծ այս ամենն ընկել է մեզ վրա, և հրաշալի է նորից վերադառնալ այս կյանքին», - ասել է գիտափորձի մասնակից Էրլիխը:
Ութ ամիս անձնակազմը սնվել է բացառապես սառեցված և պահածոյացված սնունդով: Գմբեթը լքելուց հետո Էրլիխը վայելում է համբուրգերները և թարմ մրգերը: Դրանից բացի, նա շատ է ուրախացել վաննա ընդունելու հնարավորությունից:
«Ողղակի ուզում ես ամեն ինչ անել: Կարծես միլիոն դոլար շահած լինես: Իրոք հիասքանչ է դրսում լինել: Իրականում այլևս չեմ ուզում գմբեթի տակ ապրել», - կիսվել է Էրլիխը:
Տղամարդու խոսքով՝ գմբեթից դուրս գալուն պես ինքը զանգել է մորը և տատիկին:
«Ուղղակի ցանկացել եմ լսել նրանց ձայները», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Մարսի կայան նմանակող շենքում գիտափորձի մասնակիցները գտնվել են Հավայան կղզիներում՝ Մաունա Լոա հրաբխի մոտակայքում: Գիտափորձի պայմանների համաձայն՝ նրանք սկաֆանդրներ են կրել, տարածքից դուրս եկել միայն իրար հետ և սնվել պահածոյացված ու սառեցված սննդամթերքով:














