ՀՀ-ում ամեն 36 ժամը մեկ մի կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ. «ԷԿՈՍԵՆՍ»-ը ձեռք է բերել բարձր ճշգրտությամբ ախտորոշող միջոց (լուսանկարներ)

20:38 • 23.09.17

Հեղուկ ցիտոլոգիական սարքավորումային ախտորոշման միջոցն արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտությունը 100 % ճշգրտությամբ է ախտորոշում։ Սարքավորումը վերջերս ձեռք է բերել «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատոր կենտրոնը։ Արգանդի պարանոցի քաղցկեղը, տարածվածության առումով, աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը։

«Հայաստանում ամեն 36 ժամը մեկ, իսկ աշխարհում ամեն րոպեն մեկ, մի կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ։ Տարեկան մենք մինչև 300 կնոջ մահ ենք ունենում արգանդի պարանոցի քաղցկեղից, այդ մահերը սովորաբար լինում են երիտասարդ, վերարտադրողական տարիքում`60-70 տոկոսը 30-50 տարիքում»,- ասում է Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը և ավելացնում,որ արգանդի պարանոցի քաղցկեղը միակ քաղցկեղն է աշխարհում, որը կանխարգելելի է, որովհետև այն ունի երկար նախաքաղցկեղային շրջան, ու դա հնարավորություն է տալիս հայտնաբերել քաղցկեղը անգամ ամենավաղ փուլում:

«ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշիչ կենտրոնն այսօր կոնֆերանս-համաժողով էր կազմակերպել, որի ընթացքում ներկայացվեց արգանդի պարանոցի քաղցկեղի հայտնաբերման այս ավելի նոր մեթոդի՝ հեղուկ ցիտոլոգիական ախտորոշման արդյունավետության մասին, հատկապես խոսվեց հեղուկ ցիտոլոգիական ախտորոշումը գերժամանակակից սարքավորումների միջոցով կատարելու մասին։ «ԷԿՈՍԵՆՍ» կենտրոնը վերջերս ձեռք է բերել նման սարքավորում և հիմա հանդիսանում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում միակ լաբորատոր կենտրոնը, որն ունի այդ վերջին սերնդի տեխնիկան։

«ԷԿՈՍԵՆՍ»-ի տնօրեն Ինեսսա Նազարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ձեռքով արված հետազոտությունները մնացել են նախորդ դարում, իսկ մենք ապրում և աշխատում ենք այլ ժամանակաշրջանում։ Արգանդի պարանոցի քաղցկեղը շատ տարածված է ոչ միայն Հայաստանում այլ ամբողջ աշխարհում, և երբ այն վաղ է հայտնաբերվում, հնարավոր է լինում փրկել և կնոջը մեկընդմիշտ ազատել այդ հիվանդությունից։

Մեր հարցին` արդյոք հանրապետության բժիշկները ուրախ են, որ Հայաստանում արդեն կա այս սարքավորումը Ինեսսա Նազարյանը պատասխանեց՝ «Ցանկացած բժշկի համար բուժած հիվանդը շատ ավելի կարևոր է, քան մրցակցությունը: Իսկ մեր մասնագետները գրագետ ու զարգացած են այդ առումով, նրանք բազմիցս արտասահմանում մասնակցել են սեմինարների և գիտեն հեղուկ ցիտոլոգիայի կարևորության մասին, և ուրեմն նոր ախտորոշման սարքը Երևանում նրանց սեղանին է դնելու ավելի ճշգրիտ պատասխան, որով նրանք կարողանալու են ավելի արդյունավետ բուժել իրենց այցելուներին և փրկել նրանց կյանքը»։

Սեմինարի բանախոս, «Բեկտոն Դիկկինսոն» ընկերության «Կանանց առողջության մոլեկուլյար ախտորոշման գծով Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ղեկավար Ելենա Կուտիրինան հայտնեց, որ առաջին հերթին, հեղուկային ցիտոլոգիան կատարելագործված ցիտոլոգիական մեթոդ է: Այն գիտության զարգացում է, լաբորատոր դիագնոստիկայի զարգացում։ Նա հայտնեց, որ հեղուկային ցիտոլոգիան մեկ քայլ առաջ է լաբորատոր հետազոտությունների ոլորտում:

«Սա կարևոր քայլ է նաև ձեր պետության համար: Ամենակարևորն արգանդի վզիկի քաղցկեղի քանակի նվազեցումն է և այս տեխնիկան թույլ կտա ավելի ճշգրիտ ախտորոշել քաղցկեղը։ Քանի որ դուք հիմա ունեք այս առաջընթացը, սա կփրկի բազմաթիվ կանանց կյանքեր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ հաճախականությամբ պետք է հետազոտվի կինը, Ելենա Կուտիրինան ասաց, որ ընդհանրապես համարվում է, որ ցիտոլոգիան պետք է անել նախ, գոնե մեկ անգամ, իսկ հետո` երեք տարին մեկ : «Իհարկե, Դուք դեռ չունեք ազգային սքրինինգային ծրագիր, ինչն կա օրինակ` հարևան Վրաստանում, սակայն նրանք էլ այս սարքավորումները չունեն, Դուք միակ երկիրն եք տարածաշրջանում,որն այս պահին հագեցած է այս տեխնիկայով և ես լիահույս եմ, որ այն մեծ առաջընթաց կլինի Հայաստանի համար»,-ասաց նա:

 

 

 

ՀՀ-ում ամեն 36 ժամը մեկ մի կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ. «ԷԿՈՍԵՆՍ»-ը ձեռք է բերել բարձր ճշգրտությամբ ախտորոշող միջոց (լուսանկարներ)