Ավստրալիան սեփական տիեզերական գործակալությունը կստեղծի
Ավստրալիան պատրաստվում է ստեղծել սեփական տիեզերական գործակալությունը: Այդ մասին Ադելաիդայում Տիեզերագնացության միջազգային կոնգրեսի բացման արարողությանը հայտնել է երկրի գիտության նախարար Միշելիա Քեշը, հայտնում է SBS-ը:
Նախարարը նշել է, որ Ավստրալիայի համար հարկավոր է սկսել սեփական տիեզերական ծրագիրն արբանյակների գործարկման և տիեզերական սարքերի միջոցով ստացվող տվյալների աճող ծավալների սպասարկման համար:
«Տիեզերական գործակալությունը պետք է դառնա այդ ոլորտում հենակետ Ավստրալիայի, ինչպես նաև միջազգային համագործակցության համար»,- ասել է նա:
Նախարարը հավելել է, որ Ավստրալիան պետք է իր տեղը զբաղեցնի տիեզերական ծառայությունների աճող շուկայում, որն այժմ գնահատվում է 330 միլիարդ դոլար:
Նա հիշեցրել է, որ բոլոր զարգացած պետություններն ունեն իրենց տիեզերական գործակալությունները, մասնավորապես՝ անցած տարի նման կազմակերպություն է հիմնել Նոր Զելանդիան:
«Տիեզերական գործակալության ստեղծումը ցույց կտա, որ մենք ունենք երկարաժամկետ ռազմավարություն տիեզերական տեխնոլոգիաների զարգացման և կիրառման ոլորտում»,- ասել է նա:










