Ռուսաստանում սպառնացել են արգելափակել Facebook-ը
ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող դաշնային ծառայության՝ «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը սպառնացել է Ռուսաստանի տարածքում արգելափակել Facebook սոցիալական ցանցը, եթե ընկերությունը չհետևի անձնական տվյալների պահպանման մասին օրենքին: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Facebook-ը պարտավոր է երկրում իր աշխատանքը համապատասխանեցնել օրենսդրությանը մինչև 2018 թվականը:
«Օրենքը պարտադիր է բոլորի համար: Ամեն դեպքում, մենք կամ կհասնենք նրան, որ օրենքն իրականացվի, կամ ընկերությունը կդադարեցնի աշխատել Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- նշել է Ժարովը:
Նա հիշեցրել է, որ նման իրավիճակ է ստեղծվել LinkedIn սոցցանցի հետ:
«Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի խոսքով՝ ընկերության ներկայացուցիչները դիտարկում են հնարավոր տարբերակները, բայց դեռ պաշտոնական նամակ չեն ուղարկել:
Օրենքի համաձայն՝ ռուսների անձնական տվյալները մշակող հարթակները պետք է դրանք պահպանեն Ռուսաստանի տարածքում:










