Պուտինի խոսնակը մեկնաբանել է Ռուսաստանում Facebook-ի հնարավոր արգելափակման մասին տեղեկությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ռուսաստանում խոշորագույն Facebook սոցկայքի արգելափակման հավանականության մասին լուրերին: Պեսկովի խոսքով՝ Facebook-ն առևտրային ընկերություն է, որը պետք է գումար աշխատի ռուսական օրենսդրությանը համապատասխան, գրում է gazeta.ru-ն:
«Դա առևտրային ընկերություն է, որը գումար է վաստակում և որը պետք է դա անի Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան: Գոյություն ունի օրենսդրություն, որը պետք է պահպանել», -ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, Պուտինի խոսնակը ոչ կոռեկտ է համարել Ռուսաստանում Facebook-ի աշխատանքի վնասը կամ օգուտը գնահատելը:
«Կոռեկտ չէր լինի թեկուզև մեծ, բայց առանձին վերցրած ընկերության աշխատանքին գնահատական տալը»,-հավելել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող դաշնային ծառայության՝ «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը սպառնացել է Ռուսաստանի տարածքում արգելափակել Facebook սոցիալական ցանցը, եթե ընկերությունը չհետևի անձնական տվյալների պահպանման մասին օրենքին:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Facebook-ը պարտավոր է երկրում իր աշխատանքը համապատասխանեցնել օրենսդրությանը մինչև 2018 թվականը:
«Օրենքը պարտադիր է բոլորի համար: Ամեն դեպքում, մենք կամ կհասնենք նրան, որ օրենքն իրականացվի, կամ ընկերությունը կդադարեցնի աշխատել Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- նշել է Ժարովը:










