Apple-ը նոր iPhone-ների ցածր պահանջարկի պատճառով 65 մլրդ դոլար է կորցրել

10:35 • 27.09.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը, որը վերջերս ներկայացրեց iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X սմարթֆոնները, ինչպես նաև Apple Watch Series 3 «խելացի» ժամացույցը, արժեթղթերի գնանկման պատճառով սեպտեմբերի 12-25-ն ընկած ժամանակահատվածում կորցրել է 65 մլրդ դոլար:

Ինչպես հայտնում է forbes.ru-ն, ընկերության արժեթղթերի գնանկումը պայմանավորված է iPhone 8-ի ու 8 Plus-ի՝ սպասվածից ցածր պահանջարկով ու Watch-ի հետ առկա տեխնիկական խնդիրներով: Աղբյուրը նկատում է, որ նոր արտադրանքի հետ կապված անախորժությունները հիասթափեցրել են ներդրողներին:

Հայտնի է, որ սեպտեմբերի 12-ին նորույթների շնորհանդեսից ի վեր Apple-ի արժեթղթերի գինը 162.8-ից նվազել է 150 դոլարի: Դրա հետևանքով ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է 65 մլրդ դոլարով:

Նշվում է, որ iPhone 8-ն ու 8 Plus-ը սեպտեմբերի 22-ից վաճառվում են, սակայն գնորդների հետաքրքրությունը դրանց նկատմամբ այդքան էլ բարձր չէ: Ինչ վերաբերում է iPhone X-ին, որն արժե 1.000 դոլար, այն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 3-ից:

 

Apple-ը նոր iPhone-ների ցածր պահանջարկի պատճառով 65 մլրդ դոլար է կորցրել