Դուբայում Մարս մոլորակի վրա կյանքի պայմանները նմանակող թաղամաս կկառուցվի (լուսանկարներ)
Դուբայում կկառուցվի թաղամաս, որում կնմանակվեն Մարս մոլորակի վրա կյանքի պայմանները: Այս մասին հայտնում է The National-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Mars Scientific City («Մարս գիտական քաղաք») անվանումով նախագծի համար նախատեսված «քաղաքի» մակերեսը կլինի ավելի քան 170 հազար քմ, իսկ արժեքը՝ մոտ 136 միլիոն դոլար:
Դեռևս հայտնի չէ՝ ինչպես են նմանակվելու Մարսի վրա բնակավայրերի պայմանները:
Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ Բեն Ռաշիդ Ալ Մակթումի Twitter-յան էջում հրապարակվել են նախագծի պատկերները: Լուսանկարներում երևում է անապատում տեղակայված մի քանի գմբեթ, որոնց ներսում մարդկանց տներ և կանաչ տնկարկներ կան:
Նշվում է, որ անցած տարի Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտնել են մինչև 2117 թվականը Մարսի վրա քաղաք կառուցելու մասին:













