Երուսաղեմում գլխատված դոդոշներով կուժ է հայտնաբերվել (լուսանկար)
Երուսաղեմում չորս հազար տարվա դամբարանի պեղումների ընթացքում հնագետները կուժ են հայտնաբերել, որում գլխատված դոդոշներ են եղել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի հնությունների վարչությանը:
Գիտնականները ենթադրում են, որ գտածոն կարող է կապված լինել մահացածներին զոհաբերություն անելու ծեսի հետ, սակայն միանշանակ չեն պնդում՝ ինչ նշանակություն են ունեցել կենդանիները Քանանի հին բնակիչների տեսանկյունից:
«Երբ մի կողմ գցեցինք դամբարանը փակող քարը, ձեռք չտված թասեր և կուժեր հայտնաբերեցինք: Դրանցից մեկում, ի զարմանս մեզ, մանր ոսկորներ կային: Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ սա առնվազն 9 դոդոշի մնացորդներ են: Հետաքրքիր է, որ նրանց նախապես գլխատել են», - պատմել են պեղումների ղեկավարներ Շուա Կիսիլևիչը և Զոար Տուրժեման-Յաֆեն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հնագիտական որոնումները, որոնց ընթացքում հայտնաբերվել է գտածոն, անցկացվել են Երուսաղեմի բնակելի թաղամասերից մեկի ընդլայնումը նախապատրաստելու ժամանակ:
«Հնագետի համար հնում կնքված դամբարանն անգին գանձ է: Յուրօրինակ «ժամանակի պարկուճ», որտեղ մենք տեսնում ենք օբյեկտները համարյա դրանց օրիգինալ տեսքով: Այն ժամանակներում ընդունված է եղել թաղել մահացածներին զոհաբերությունների հետ, որոնք, ինչպես հավատում էին այն ժամանակ, պետք է ծառայեին նրանց անդրշիրիմյան աշխարհում», - ասել են գիտնականները:











