Twitter-ը հայտնել է պատճառը՝ ինչու չի արգելափակում Թրամփի վիրավորական գրառումները
Twitter սոցցանցի ադմինիստրացիան իր բլոգում բացատրել է պատճառը, որով չի արգելափակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորական գրառումները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ սոցցանցի թիմը խոստացել է ուղղումներ մտցնել օգտատերերի համաձայնագրի մեջ, քանի որ Թրամփը հատուկ դիրք ունի մյուս բլոգերների համեմատությամբ: Ընդ որում՝ ադմինիստրացիան ընդունել է, որ նախագահը չարաշահում է վիրավորական գրառումները, որոնք հաճախ հակասում են սոցցանցում պահվածքի գործող կանոններին:
Հայտարարությունում ասվում է, որ ընկերության ներքին կանոնները թույլ չեն տալիս արգելափակել նախագահի վիճելի գրառումները. դրանք վերաբերում են «տեղեկատվական առումով կարևոր» գրառումներին և ենթակա չեն հեռացման, նույնիսկ եթե խախտում են կանոնները:
Twitter-ը չի հստակեցրել կարևոր գրառումների ընտրության չափանիշները, այլ միայն հայտնել է ծառայությունից օգտվելու կանոններում համապատասխան կետ ավելացնելու մասին:
Ներկա պահին ծառայության կանոններն արգելում են բռնության կոչերը, սպառնալիքները և մյուս օգտատերերի կամ սոցիալական խմբերի հասցեին վիրավորանքները: Խախտողների հաշիվները կարող են ժամանակավորապես արգելափակվել կամ հեռացվել:
Հայտնի է, որ Թրամփը բազմիցս խախտել է կանոնները՝ իրեն թույլ տալով հրապարակայնորեն վիրավորել լրագրողներին կամ սպառնալով ամբողջ պետություններ ոչնչացնել:










