Ցուկերբերգն ասել է, որ զղջում է ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո իր հայտարարությունների համար
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ զղջում է 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո իր խոսքերի համար, երբ նա խենթ էր անվանել միտքը, որ հրապարակումներում ապատեղեկատվությունը կարող է ազդել ընտրությունների ելքի վրա, գրում է engadget.com-ը:
«Ընտրությունից հետո ես ասացի, որ կարծում եմ՝ միտքը, թե Facebook-ի հրապարակումներում ապատեղեկատվությունն ազդել է ընտրությունների արդյունքների վրա, խենթություն է: Այդ միտքը խենթ անվանելը սխալ էր, և ես զղջում եմ դրա համար: Դա չափազանց կարևոր հարց էր այն արհամարհելու համար»,- գրել է նա իր էջում:
Facebook-ն ավելի վաղ հայտարարել է, որ նախընտրական արշավի ընթացքում ռուսական բոտերը գովազդ են գնել սոցցանցում արշավի արդյունքների վրա ազդելու համար: Ցուկերբերգը պատմել է 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին գործի հետաքննության շրջանակներում ԱՄՆ իշխանությունների հետ համագործակցության, ինչպես նաև Կոնգրեսին համապատասխան տվյալներ փոխանցելու մասին:










