«ԴիջիԹեքը» կազմակերպվում է նաև հասարակությանը կոնսոլիդացնելու համար. մեկնարկեց թվով 13-րդ տեխնոլոգիական ցուցահանդեսը
Հայաստանում անցկացվում է 13-րդ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին այս տարի մասնակցում են 150 ընկերություններ, այդ թվում՝ նաև արտասահմանյան: Բացմանը ներկա տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն իր ելույթում հայտարարեց, թե «ԴիջիԹեք»-ը տարեց տարի ընդլայնվում է՝ նոր լուծումներ առաջարկելով:
«Ասածիս ապացույցն այն է, որ այսօր ներկայացված է մոտ 150 ընկերություն՝ յուրաքանչուրն իր լուծումներով: «ԴիջիԹեքի» զարգացումն ու տարածումը վկայում է նաև այն, որ մասնակցում են տասնյակ արտասահմանյան ընկերություններ, իսկ համագործակցության շրջանակներն ընդլայնվում են: «ԴիջիԹեք»-ի սահմաններում լինելու են նաև գիտաժողովներ ընկերությունների հետ, արդեն պլանավորված են հայ-ճապոնական, հայ-կանադական գիտաժողովներ, որի ընթացքում քննարկվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների հարցեր»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:
Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ «ԴիջիԹեք»-ը տեխնոլոգիական տոն որակեց և նշեց, թե իրենց ընկերության համար պատիվ է նման միջոցառում հովանավորելը: Նա նկատեց, որ շատ լուծումներ, որոնք արդիական են աշխարհի համար, ծնվում են Հայաստանում:
«Շատ հետաքրքիր և կարևորագույն քայլեր են մեր երկրի համար, և մեր փոքր ընկերությունները կարողանում են իրենց ներկայացնել բավականին բարձր մակարդակով: Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ գրեթե չկա ոլորտ, որն անհրաժեշտություն չունի IT ներգրավվածության»,- ընդգծեց Հայկ Եսայանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ ներկայացրեց նախորդ «ԴիջիԹեք»-ի արդյունքները՝ նկատելով, որ ռազմաարդյունաբերական ցուցադրությունից հետո այսօր արդեն իսկ Պաշտպանության նախարարության հետ քննարկելու են որոշ հարցեր: Նրա խոսքով՝ այսօր արդեն քննարկվում է բանակի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ձևաչափը:
««ԴիջիԹեքը» կազմակերպվում է նաև հասարակությանը կոնսոլիդացնելու համար, միտված է ՀՀ-ն որպես բարձր տեխնոլոգիական երկիր վերականգնելուն»,- նշեց Կարեն Վարդանյանը:
«ԴիջիԹեք»-ին մասնակցում են 150 ընկերություններ։ Միջազգային ընկերություններից, մասնավորապես, մասնակցում են չինական հանրահայտ «Dahua Technology» ընկերությունը, ճապոնական «Hitachi Construction Machinery Eurasia»-ն, «Mitsubishi Heavy Industries»-ը և այլ ընկերություններ, շվեդական «Ericsson» ընկերությունը, դանիական «Jabra» ընկերությունը, այլև: «ԴիջիԹեք 2017»-ին կմասնակցեն հայկական առաջատար National Instruments, Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, Monitis, SFL, ArmSoft և բազմաթիվ այլ ընկերություններ:
Եռօրյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում կներկայացվեն հայկական տեխնոհսկաների, նորաստեղծ և այլ ընկերությունների, նաև դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի վերջին միտումներն ու նորարարությունները, կանցկացվեն գործարար հանդիպումներ, տարբեր մրցույթներ, ֆորումներ, սեմինարներ, տեղեկատվություն կներկայացվի թափուր աշխատատեղերի մասին:
«ԴիջիԹեքը» իրականացվում է 2005թ.-ից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:










