Հայտնի են դարձել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները

13:46 • 02.10.17

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները, ինչով էլ տրվել է Նոբելյան շաբաթվա մեկնարկը:

Ինչպես նշում է The Guardian-ը, մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբախին ու Մայքլ Յանգին՝ ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլյար մեխանիզմների ոլորտում արած հայտնագործությունների համար:


Գիտնականները կկիսեն Նոբելյան մրցանակի հանձնաժողովի կողմից տրվելիք 1.1 մլն եվրոն:

Այս շաբաթվա ընթացքում կհայտարարվեն նաև ֆիզիկայի, քիմիայի և խաղաղության ոլորտներում դափնեկիրների անունները: Մինչդեռ տնտեսագիտության ոլորտում հաղթողի անունը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին: Իսկ գրականության ոլորտում հաղթողի անվան հրապարակման օրը դեռ հայտնի չէ։


Հայտնի է, որ բոլոր ոլորտներից մարդկանց ամենաշատը հետաքրքրում է խաղաղության դափնեկրի/ների անունները, որն այս տարի հայտարարվելու է հոկտեմբերի 6-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:


Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հեղինակավոր մրցանակն այս տարի կարող է շնորհվել 2015թ. հուլիսին Իրանի ու «միջնորդ վեցյակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի կազմակերպիչներին, որոնց ջանքերով Թեհրանը համաձայնեց սառեցնել միջուկային ծրագրի զարգացումը, իսկ Արևմուտքը չեղարկեց Իրանի դեմ կիրառվող ծանր պատժամիջոցները:


Եթե ամեն ինչ հենց այս սցենարով զարգանա, ապա Խաղաղության նոբելյան մրցանակը կստանան Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջավադ Զարիֆն ու Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:


Տեղեկությունն առանձնակի կարևորություն է ստանում այն համատեքստում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է չեղարկել միջուկային համաձայնագիրը՝ այն անօգուտ համարելով:

Հայտնի են դարձել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները