Հայտարարվել են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները
Հոկտեմբերի 3-ին հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների անունները: Ըստ այդմ՝ Բարի Բերիշը, Ռայներ Վեյսն ու Քիփ Թորնը կպարգևատրվեն գրավիտացիոն ալիքների դիտարկման գործում ունեցած վճռորոշ ավանդի համար:
Հայտնի է, որ գիտնականները կկիսեն Նոբելյան մրցանակի հանձնաժողովի կողմից տրվելիք 1.12 մլն եվրոն:
The Daily Mail-ը հավելում է, որ գիտնականները Միացյալ Նահանգներից են: Պրոֆեսոր Վեյսն աշխատում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, իսկ Բերիշն ու Թորնը՝ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում:

Հիշեցենենք, որ երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբախին ու Մայքլ Յանգին՝ ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլյար մեխանիզմների ոլորտում արած հայտնագործությունների համար:
Այս շաբաթվա ընթացքում կհայտարարվեն նաև քիմիայի և խաղաղության ոլորտներում դափնեկիրների անունները: Մինչդեռ տնտեսագիտության ոլորտում հաղթողի անունը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին: Իսկ գրականության ոլորտում հաղթողի անվան հրապարակման օրը դեռ հայտնի չէ։
Հայտնի է, որ բոլոր ոլորտներից մարդկանց ամենաշատը հետաքրքրում է խաղաղության դափնեկրի/ների անունները, որն այս տարի հայտարարվելու է հոկտեմբերի 6-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում:










