Որն է iPhone X-ի գլխավոր առավելությունն Android-ով գործող սմարթֆոնների նկատմամբ. MacRumors
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության կողմից երբևէ ստեղծված ամենաթանկ սմարթֆոնը՝ iPhone X-ը, նոյեմբերի 3-ից կհայտնվի վաճառքում: Իսկ մինչ այդ KGI Securities-ի վերլուծաբան Մին Չի Կուոն ասել է, թե որն է լինելու 1.000 դոլարանոց iPhone-ի գլխավոր առավելությունն Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնների նկատմամբ:
Ինչպես նշում է macrumors.com կայքը, նորույթի գլխավոր առավելությունը կլինի TrueDepth տեսախցիկը, որում կիրառված առաջադեմ տեխնոլոգիաները վերարտադրելու համար Android-ով գործող հեռախոսների արտադրողներից (Samsung, Google) կպահանջվի մոտ 2.5 տարի:
Կուոյի կարծիքով՝ սմարթֆոնի առջևի մասում տեղադրված TrueDepth տեսախցիկի շնորհիվ Apple-ը 2018 և 2019թթ. կլինի շուկայի տեխնոլոգիական առաջատարը:
Աղբյուրը մանրամասնում է, որ TrueDepth տեսախցիկը համալրված է Face ID դիմաճանաչողական գործառույթով: Ենթադրվում է, որ դրա հավաքման հետ կապված բարդությունների պատճառով հնարավոր չի եղել բավարար քանակությամբ iPhone X արտադրել:











