Հայտնի է դարձել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը

15:13 • 05.10.17

Այս տարի գրականության ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի է արժանացել ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իշիգուրոն:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Իշիգուրոյին պարգևատրել է իր նովելները զգայական մեծ ուժով օժտելու, ինչպես նաև իր գրվածքների միջոցով երևակայականի ու իրական աշխարհի միջև կապը բացահայտելու համար:

Հայտնի է, որ գրողը կստանա 1.1 մլն դոլար:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հոկտեմբերի 4-ին Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան քիմիայի ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի է արժանացրել Ժակ Դյուբոշեին, Խոակիմ Ֆրանկին ու Ռիչարդ Հենդերսոնին՝ կենսաբանական նմուշներն ուսումնասիրելու հնարավորություն տվող կրիոէլեկտրոնային միկրոսկոպիայի մշակման համար:


Հոկտեմբերի 3-ին հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների անունները: Ըստ այդմ՝ Բարի Բերիշը, Ռայներ Վեյսն ու Քիփ Թորնը կպարգևատրվեն գրավիտացիոն ալիքների դիտարկման գործում ունեցած վճռորոշ ավանդի համար։


Իսկ հոկտեմբերի 2-ին հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբախին ու Մայքլ Յանգին՝ ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլյար մեխանիզմների ոլորտում արած հայտնագործությունների համար:

Այս շաբաթվա ընթացքում կհայտարարվեն նաև խաղաղության ոլորտում դափնեկիրների անունները: Մինչդեռ տնտեսագիտության ոլորտում հաղթողի անունը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին: 

Հայտնի է, որ բոլոր ոլորտներից մարդկանց ամենաշատը հետաքրքրում է խաղաղության դափնեկրի/ների անունները, որն այս տարի հայտարարվելու է հոկտեմբերի 6-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում:

 

 

Հայտնի է դարձել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը