Պուտինը տարեդարձի առթիվ կստանա iPhone X-ի՝ իր համար ստեղծված բացառիկ տարբերակը (լուսանկար)
Սմարթֆոնների լյուքս դասի թյունինգավորմամբ զբաղվող Caviar ռուս-իտալական ընկերությունը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 65-ամյակի առթիվ կներկայացնի iPhone X սմարթֆոնի բացառիկ տարբերակը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Putin 2018 սմարթֆոնի վրա կլինի ՌԴ ղեկավարի կիսադեմը:
Հայտնի է նաև, որ Caviar-ը ներկայացնելու է iPhone 8-ի ու 8 Plus-ի տարբերակները նույնպես:
«Մենք պատրաստվում ենք նշել նախագահի ծննդյան տոնը, բայց մեր հայացքները սևեռված են դեպի ապագան. ի՞նչ որոշում կկայացնի Պուտինը, կառաջադրվի՞ ընտրություններում: Ամբողջ աշխարհում այս հարցը ոչ մեկին անտարբեր չի թողնում: Նոր, բացառիկ ու սահմանափակ քանակությամբ արտադրվելիք հավաքածուի միջոցով մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքն այս հարցին»,-պատմել է ընկերության ներկայացուցիչը:
Աղբյուրը մանրամասնում է, որ iPhone X-ը կլինի գինեգույն՝ Պուտինի ոսկյա կիսադեմով ու Մոսկվայի տեսարժան վայրերի պատկերներով: Հեռախոսներից ամեն մեկը համարակալված է լինելու: Բրենդի ավանդույթի համաձայն՝ առաջին համարը հենց նախագահինն է:
Նորույթի գնի մասին տեղեկություն չկա:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին:











