Իրանի ազգային թանգարանում կցուցադրվեն ուրարտական դարաշրջանի 100-ից ավելի հուշաիրեր (լուսանկար)
Հոկտեմբերի 17-ից մինչև հունվարի 17-ը Թեհրանի ազգային թանգարանում ցուցադրության կհանվեն Հայաստանից բերված պատմական նմուշներ՝ ստեղծված մ.թ.ա. 4-1-ին հազարամյակն ընկած ժամանակահատվածում:
Ինչպես հայտնում է financialtribune.com կայքը, ցուցադրվելիք 103 հուշաիրերը բերվել են Հայաստանի պատմության թանգարանից: Դրանք ցուցադրվելու են «Իրան և Հայաստան. թագավորության հիշողություն» խորագրի ներքո:
Աղբյուրը նկատում է, որ ցուցադրության կենտրոնում են լինելու հատկապես այն հուշաիրերը, որոնք ստեղծվել են Ուրարտու թագավորության ժամանակաշրջանում: Համարվում է, որ հայ-իրանական համատեղ պատմության սկիզբը դրվել է հենց Ուրարտուում:
Նշվում է, որ ցուցահանդեսը կազմակերպվելու է Իրանի ազգային թանգարանի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ:











