Boeing-ը մտադիր է 2022թ. գործարկել առաջին էլեկտրական ինքնաթիռը
Ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Boeing ընկերությունը JetBlue Airways ավիաընկերության, ինչպես նաև Սիեթլում գործող Zunum Aero ստարտափի հետ համագործակացության արդյունքում կարող է 2022թ. գործարկել առաջին հիբրիդային-էլեկտրական ինքնաթիռները:
Ինչպես նշում է The Guardian-ը, դրանք նախատեսված կլինեն 12 ուղևորի համար: Նոր սերնդի փոխադրամիջոցները համալրված կլինեն 2 էլեկտրական շարժիչով: Նման ինքնաթիռներով հարմար կլինի մատչելի գներով առավելագույնը 1.600 կմ տարածությամբ թռիչքներ իրականացնել:
Բացի այդ, էլեկտրական ինքնաթիռները կունենան արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված համակարգեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի երկնքում խուսափել խոչընդոտներից:
Հայտնի է, որ Boeing-ը պատրաստվում է գնել էլեկտրական, թռչող փոխադրամիջոցների արտադրությամբ զբաղվող ընկերություն, ինչը կօգնի էլեկտրական ինքնաթիռ ստեղծելու հարցում:










