Նորվեգիայում հայտարարվել է Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը

13:14 • 06.10.17

Այս տարի հեղինակավոր Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել 2007թ. հիմնված Միջուկային զենքի արգելման միջազգային շարժումը (ICAN)` «միջուկային զենքի կիրառման աղետալի հետևանքների նկատմամբ ուշադրությունը սևեռելուն ուղղված ջանքերի համար»:

The Guardian-ը նշում է, որ շարժումն աշխարհի 101 երկրում ունի 468 գործընկեր կազմակերպություն:

Հիշեցնենք, որ նախորդ տարի հեղինակավոր մրցանակին էր արժանացել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը՝ FARC գրոհայինների հետ հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերի համար:


Հայտնի է, որ այս տարի Նոբելյան մրցանակի յուրաքանչյուր ոլորտում տրվելիք գումարի չափը հասցվել է 1.1 մլն դոլարի:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան գրականության ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի է արժանացրել ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իշիգուրոյին՝ իր նովելները զգայական մեծ ուժով օժտելու, ինչպես նաև իր գրվածքների միջոցով երևակայականի ու իրական աշխարհի միջև կապը բացահայտելու համար:


Հոկտեմբերի 4-ին Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան քիմիայի ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի է արժանացրել Ժակ Դյուբոշեին, Խոակիմ Ֆրանկին ու Ռիչարդ Հենդերսոնին՝ կենսաբանական նմուշներն ուսումնասիրելու հնարավորություն տվող կրիոէլեկտրոնային միկրոսկոպիայի մշակման համար:


Հոկտեմբերի 3-ին հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների անունները: Ըստ այդմ՝ Բարի Բերիշը, Ռայներ Վեյսն ու Քիփ Թորնը կպարգևատրվեն գրավիտացիոն ալիքների դիտարկման գործում ունեցած վճռորոշ ավանդի համար։


Իսկ հոկտեմբերի 2-ին հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբախին ու Մայքլ Յանգին՝ ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլյար մեխանիզմների ոլորտում արած հայտնագործությունների համար:


Մինչդեռ տնտեսագիտության ոլորտում հաղթողի անունը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին:


Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում:

 

Նորվեգիայում հայտարարվել է Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը